Վաղուց էի ուզում գրել մեր սիրիահայ հայրենակիցների վիճակի մասին, բայց չգիտեի՝ ինչպես է պետք սկսել: Այս տարի դպրոցական մի գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում ես կիթառի ուղեկցությամբ պետք է երգեի: Իրականում դա մի փոքրիկ հանդիպում էր Արցախյան շարժման մասնակից գեներալ պրն. Գասպարյանի հետ, ումից բավականին ինֆորմացիա ստացանք պատերազմական գործողությունների ընթացքի և Արցախյան շարժման մանրամասների մասին: Հանդիպումը Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող Զինվորական պատրաստվածության դասասենյակում էր: Երբ բոլորն արդեն տեղավորվել էին, աչքովս ընկան երկու տղա: Հասկացա,որ առաջին անգամ եմ տեսնում նրանց մեր դպրոցում: Երկար ժամանակ լուռ նստած լսում էին գեներալին, և նկատում էի նրանց սևեռուն հայացքները, որ կարծես հուշում էին, թե այն ամենն, ինչ պատմում է գեներալը, տղաներին ծանոթ էր: Հանդիպման վերջում նրանցից մեկը խնդրեց երգել: Զարմանքս մեծ եղավ: Տղան սկսեց երգել…ամբողջ մարմինս մի վայրկյանում սկսեց ցնցվել ու մի տեսակ ջերմություն զգացի նրա ձայնի մեջ: Երբ վերջացրեց երգը, հուզված ու արտասվալից աչքերով ծափահարում էի: Միջոցառումն ավարտվեց: Երգիս հետ կապված գովասանքի խոսքեր լսելուց զատ ես փնտրում էի այդ տղային, ում երգն ինձ հուզել էր: Միջանցքում պատահաբար նա մոտեցավ ինձ ու ասաց, որ հավանել է երգս: Անգամ չհասցրի անունն իմանալ այդ պահին, որովհետև միայն իր երգից էի խոսում: Հետո պարզվեց, որ Շանթն ու իր եղբայրը մեր դպրոց այս տարի են եկել: Շանթն իմ տարիքին է, իսկ եղբայրը 3 տարով փոքր է իրենից: Այդուհետ գրեթե ամեն օր մենք հանդիպում էինք միջանցքում և մի քանի բառ փոխանակում: Հետո երկար զրուցում էինք: Նա ինձ պատմեց, որ Սիրիայից են հայրենադարձվել` պատերազմական շրջանում: Իսկ հորեղբոր տղան պատերազմական գործողությունների ժամանակ է սպանվել: Ես միանգամից փշաքաղվեցի: Երկար ժամանակ է՝ մտածում էի գրել Սիրիայի քաղաքական լարված վիճակի մասին ու հասկացա, որ Շանթն ինձ կարող է օգնել:
Իր հետ զրույցում պարզեցի, որ ծնվել է Սիրիայում` Հալեպ քաղաքում: Մինչ պատերազմական գործողությունները սովորել և ամառային աշխատանք է ունեցել: Այն հարցին, թե արդյոք Սիրիայում է հեշտ ապրել և թե ինչպես հարմարվեց այստեղ, Շանթը պատասխանում է. «Էստեղ մեզ համար հեշտ է ապրել. մենք հանգիստ ենք ու մեռնելուց չենք վախենում, բայց հեշտ չի, որովհետև աշխատանք չկա…»: Հարցրի՝ արդյո՞ք գրում և կարդում է հայերեն, իսկ Շանթն ասաց, որ այնտեղ հայկական դպրոցում է սովորել և քիչ թե շատ գրում է ու կարդում: Մեծ ջանքերի գնով է սովորել: Այդ ամենի մեջ մեծ է նաև ծնողների դերը, ովքեր հոգ են տարել, որ իրենց տղաները անգամ Հայաստանի սահմաններից դուրս հայերեն խոսեն: Շանթը նպատակ ունի նաև սովորել համալսարանում: Ասում է`գիտի, որ դժվար կլինի, բայց հուսով է, որ ամեն բան հաղթահարելի է: Հետո խնդրեցի ականատեսի աչքով պատմել տեսածը պատերազմական շրջանում: Մեջբերում եմ. «Ես զգացել եմ, իրապես պատերազմի մեջ եմ եղել, այսինքն ոչ կարող ես տանից դուրս գալ, ոչ աշխատել, որովհետև արդեն պատերազմ էր, և ժողովուրդը ապրում էր վախով` միայն ոչինչ չպատահի իրենց կամ իրենց ընտանիքին»: Հասա ամենադժվար կետին: Հորեղբոր տղայի մահվան մասին հարցնելուց առաջ առաջարկեցի չխոսել, եթե դժվար է, բայց Շանթն ասաց, որ արդեն սովոր է ու կպատմի ինձ: Տողերը մեջբերում եմ. «Մի ուրբաթ օր, երբ ժամը ինն էր, և ամբողջ ժողովուրդն աշխատանքի էր գնում, իսկ աշակերտները`դպրոց, մենք լսեցինք երկու ահավոր պայթյուն: Հորեղբորս տղան ծառայում էր այնտեղ, ուր նետեցին առաջին ռումբը… Իմ հայրն էլ եկավ, որ մեզ տուն տանի դպրոցից: Հորեղբայրս զանգեց հորս ու ասաց, որ առաջին պայթյունը եղել է այնտեղ, որտեղ ծառայում էր եղբայրս, իսկ ինքը գնում է դին ճանաչելու: Երկու օր փնտրելուց հետո գտանք նրա դիակը…..նա դարձավ Սիրիայի գործողությունների առաջին հայ հերոսը`Վիգեն Հայրապետյան… Նրա թաղմանը շատ մեծ բազմութուն էր եկել` հպարտանալու իրենց նահատակով… Տղան օտար էր բոլորին, բայց բոլորը լաց էին լինում. չէ՞ որ նա հայ էր ու այդքան երիտասարդ…»: Այս ամենը լսելուց հետո ես հասկացա՝ ինչքան անապահով ենք մենք ապրում, և ինչ փոքր մազից է կախված մեր կյանքը… Հասկացա, թե ինչքան ուժեղ մարդիկ կան, որ ունակ են պայքարելու անգամ ամենածանր պահին... Շանթի պարզ ու մեղմ բնավորությունն ապացուցում է մարդկային ամենամաքուր դրսևորումների առկայությունը մեր մեջ: Կուզեմ`Նրա օրինակով հազարավոր հայրենադարձվածներ գտնեն իրենց տեղը մեր երկրեւմ ու հիշեն, որ մեզ համար հայը հայ է՝ անկախ նրա բնակության վայրից….
Գայանե Ավդալյան 17 տարեկան



