Coxinha«Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ քաղաքում ես ապրում: Ինձ ասացին, որ ցերեկով տանից դուրս գալը սպիտակ մարդու համար անվտանգ չի», - սարսափով լցված գոռում էին Տատայի գմայլից հայտնվող բառերը:
Մենք արդեն յոթ ամիս է, ինչ ապրում ենք Նյուարքում՝ Նյու Ջերսիի աֆրո-ամերիկացիներով լի ամենախիտ բնակչությամբ քաղաքում: Քաղաքը ժամանակին հիմնել էին հրեաները, գերմանացիներն ու լեհերը, բայց վաթսունականներին աղքատ սևամորթ բնակչությունը փշերով ավելները առան ձեռքերն ու բոլոր «կալվածատերերին» դուրս հրավիրեցին: Այսօր էլ քաղաքում հստակ երևում են այդ օրերի հետքերը: Նյու Ջերսիի ամենամեծ բնակչության քանակով քաղաքը անչափ նման է Գյումրիին: Էս էլ իմ բախտը, որից շատ էլ գոհ եմ, ասեմ նրանց, ով հիմա քմծիծաղով կարդացին նախորդ նախադասությունը :): Քաղաքը հետինդուստրիալ, լի գործազուրկներով ու լքված գործարաններով, դրանից բխող կրիմինալից, բայց ծնունդ տված մի ամբողջ շարք աստղերի: Ուիթնի Հյուսթոն, Գլորիա Գեյնոռ, Fugees, Սառա Վոուն, Քուին Լաթիֆա ու դե մի հսկայական ցուցակ հայտնի մարդկանց: Մնացածը կարող եք կարդալ այստեղ:

Գալուց առաջ մեր  տեղացի ծանոթը միանգամից զգուշացրեց, որ բացի Այրոնբոունդ թաղամասից ոչ մի այլ թաղամասում տուն չմտածենք էլ փնտրել: Բայց դե հետո հասկացա, թե ինչու են այդ թաղամասում տների վարձերը 1200$-ից սկսում, իսկ երկաթգծից այն կողմ 600$ -ով երկսենյականոց բնակարաններ առաջարկում: Այրոնբոունդը Նյուարքի իսպանա-պորտուգալական գետտոն է, որի բուն Նյուարքի հետ ընդհանուր հատման կետը կայարանն է: Դրանից հետո սկսում են գործարար բարձրահարկերը, Ռատգերս համալսարանն ու խարխուլ աղքատ տներով լի ահռելի տարածություն, ուր պատուհանները ապակու փոխարեն պլաստիկից են, տանիքը ու շենքի «վագոնկան»՝ պատառոտված, տառականներն էլ ընտանի կենդանիներ են: 

Իսկ այստեղ կյանքը այլ է: Թաղամասը լի է աշխատասեր ու կյանք սիրող պորտուգալացիներով ու լատինա-ամերիկացիներով: Քառասուն տարի առաջ պորտուգալացիները, այստեղ գալով, «կուլտուռականացրել» էին թաղամասը: Սա էլ պորտուգալա-բրազիլացիների Գլենդելն է՝ իր մի կտոր պայելյա ուտելու տեղով, իսպանական քյառթու երգիչներով ու վուլգար երգչուհիներով, պորտուգալերեն ռեպլիկներ քցող ջահելներով ու տան դեմը հավաքվող ու գնացող-գալացողին հետևող բիձաներով, ում ո´չ ցուրտ է խանգարում, ո´չ էլ սարսափելի Սենդին: Շատերը տասնյակ տարի ապրում են այստեղ, բայց անգլերեն հազիվ խոսում: Սրա մասին Սուրենը պատմել էր:

Ասացի չէ՞, որ մեզ մոտ լիքն են տարբեր մակնիշի ռեստորանա-սրճարանները: Թաղամասի հիմնական փողոցով սոված քայլելը հավասար է մազոխիզմի՝ խորովածի ծուխը, մի քիչ այն կողմ եփվող ձկնեղենի հոտն ու հրուշակեղենի բույրը հստակ բացատրում են ԶԳԼԽԻՉ բառի ողջ էությունը:

Պորտուգալա-իսպանական խոհանոցի ամենաառաջին աստիճանը էնպանադաներն են, դե դա մեր պեՌաժկիների օպերայից է: Բայց ավելի հարուստ տեսականիով: Հիմնական իմաստը էնպանադաների խմորային կամ խմորանման զանգվածի մեջ տարբեր լցոնումներն են, ու դրանց թվում սովորական տեղ է գրավում հայկական Ամանորին պարտադիր տեղ գրավող իշլի քյուֆթայի լատինոսացված տարբերակը, որին էնպանադաների նման տապակում են ձեթի մեջ: Ասեմ, որ եփած իշլի քյուֆթան իսկապես արժանի է Ամանորի սեղանին, երբ իրանց տապակածը պեՌաշկիի դասին է արժանի:

Բայց իրանք սարքում են մի «հավի գնդիկ», որ ոչ միայն իմ, Սուրենի ասած, որկրամոլ ստամոքսն է սիրում, այլ նաև մեր տան չեմուչում անող Ավազակապետը: Անունն էլ Coxinha, այն չինացիներն էլ են սարքում, բայց դե անունը այլ է:

«Հավի գնդիկն» սեղանի թենիսի գնդակի մեծության է, բայց կաթիլի ձև ունի: Բարակ խմորի թաղանթի մեջ գտնվում է հավի կրծքամսի ու կրեմ-չիզի խառնուրդ: Այս ամենը թաթախում են ձվի ու պաքսիմատի մեջ ու նետում եռացող ձեթի մեջ մինչև թեթև ոսկեգույն դառնալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել