«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը» (Caspian Defense Studies Institute - CDSI) ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել, որոնք ձեռք է բերել ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում։
Այսպիսով՝ 2017 թ. 4 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 զինծառայող, որից 3-ը՝ սպա, 10-ը՝ ժամկետային և 9-ը՝ պայմանագրային զինծառայող։ Նրանցից 21-ը պաշտպանության նախարարության զինցառայողներ են, իսկ 1-ը՝ պետական սահմանապահ ծառայության։ 12 զինծառայողներ ոչնչացվել են հայկական զինված ուժերի կողմից, 2-ը մահացել են հիվանդության պատճառով, 2-ը ինքնասպան են եղել, 2-ը զոհվել են դժբախտ պատահարի հետևանքով (1-ը մնացել է տանկի տակ, իսկ մյուսը՝ ձնակույտի), 2-ը սպանվել են անհայտ հանգամանքներում, 1-ը սպանվել է համածառայակցի կողմից, մեկն էլ մահացել է ՃՏՊ հետևանքով։
Չնայած ինստիտուտի թվերը հիմնականում վերցվել են բաց աղբյուրներից (սոցիալական ցանցեր, ընդդիմադիր լրատվամիջոցներ և այլն) և էապես տարբերվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներից, այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների թիվն իրականում ավելի մեծ է։