Այսօր մեր հասարակական կյանքում տիրող մթնոլորտի գաղջության մասին Ս. Սարգսյանի բնորոշում-գնահատականը չափազանց ճշգրիտ ու անտարակուսելի է: Անժխտելի է նաև, որ այս մթնոլորտը երեկ կամ նախագահական վերջին ընտրությունների հետևանքով չէ, որ հաստատվել է հայ իրականության մեջ: Այն սկիզբնավորվել ու ձևավորվել է առնվազն քսան տարի առաջ ու շարունակաբար խորանալով ու յուրաքանչյուրիս անքակտելի մասը կազմելով՝ վերածվել է մի իրողության, որտեղ տնօրինում են գաղափարազուրկ անհանդուրժողականությունն ու համոզմունքային քաոսը, որտեղ մեծ հաշվով բացակայում են մարդուն` Հայ Հավատավոր մարդուն վայել բոլոր առաքինություններն ու որակները և որտեղից արդեն ելքի հստակ ու երևելի ուղենիշներն անգամ աննշմարելի են մեզ համար: Տարիների ընթացքում հաստատված այս իրականության պատճառները մեզանից յուրաքանչյուրը` մեր «ամենավերջին» մարդուց սկսած մինչև «ամենաառաջինները», որոնում է իրենցից դուրս: Ստեղծված մթնոլորտում փոխադարձ մեղադրանքներից, միայն միմյանց ցածրացնելու գնով գաղափարական ընդդիմադրին ոչնչացնելու մտայնությունից, «հակառակորդի» անհաջողություններով փառավորվելուց զատ, այլ մտատիպարները մեր քաղաքական և հարակից եզերքներում բացակայում են: «Մեղավոր են բոլորը, բացի մեկից` ԻՆՁԱՆԻՑ, մեր կուսակցությունից, մեր կազմակերպությունից և այլն», այս հոգեվիճակն է տիրում ԱՄԵՆՈՒՐ: Այսինքն՝ ստեղծված է մի մթնոլորտ, որտեղ միաժամանակ բոլորը սուրբ են և բոլորը մեղավոր: Այսպես չի լինում: Սա մեր հանրության, նրա հասարակական-քաղաքական ստվար զանգվածի ախտահարվածության, ծանր հիվանդության մասին է վկայում: Այս մտայնությամբ հեռու չի գնացվի, սա վստահաբար կարող է հանգեցնել միայն ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ: 
Այսօր առկա վիճակից դուրս գալու ուղիներ շատերն են որոնում: Ակներև է, որ առաջնայնորեն այս խնդրով մտահոգ են, և համոզված եմ, որ ամբողջ խորությամբ զգում են նաև իրենց պատասխանատվությունը և´ Ս. Սարգսյանը, և´ Ր. Հովհաննիսյանը: Բայց երևում է՝ նրանց ևս ինչ-որ բան խանգարում է գտնելու միակ ճշմարիտ լուծումը:

Սակայն մեզանում առկա է մի կառույց, որը տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, ստեղծված լինելով հենց նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ, կապող օղակ պիտի հանդիսանար ժողովրդի կամ նրա մի մասի և իշխանությունների միջև: Ավելին ասեմ: Իմ պատկերացմամբ և դարձյալ վստահ եմ, որ երկրի ցանկացած նախագահ պիտի շահագրգռված լիներ այդպիսի մի կառույցի առկայությամբ, այդ օղակն էր, որ անընդհատ պիտի հետևեր հասարակության մեջ սերմանվող, նրա հոգեկերտվածքը խեղող, նրա ինքնությունը խաթարող զանազան անառողջ զարգացումներին: Այդ օղակն առաջինը պիտի բացահայտեր և ահազանգեր հասարակական հարաբերություններում անհրաժեշտ ներդաշնակության խախտումների, մարդկանց բարքերի անկման, նրանց ներաշխարհի աղճատման, հոգևոր-բարոյական սնանկացման և այլ` մեր ազգային էությունից մեզ անվերադարձ հեռացնող երևույթների և իրողությունների մասին: Ավելին: Այդ կառույցը անպայմանորեն նաև լուծումներ պիտի առաջարկեր ազգի, պետության թուլացած «իմունային» համակարգը վերականգնելու, այն ավելի ուժեղացնելու, Հայությունն առավել միաԲԱՆ դարձնելու առումով: Եվ վերջապես, այսօր մեզանում տիրող այս անհանդուրժողականության ԳԱՂՋ մթնոլորտը վերացնելու առումով, ով, եթե ոչ այդ կառույցը`ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ կոչվածը, որտեղ, ըստ մտահղացման, պիտի ժողովված լիներ ազգի հատընտիր մտավորականությունը, մեծ հաշվով նրա ԽԻՂՃԸ, ողջ մտավոր և հոգևոր պոտենցիալը, պիտի լուծումներ գտներ այս անելանելի թվացող վիճակից: Սակայն, դժբախտաբար, Հանրային խորհրդի այս տարիների բոլոր գործունեությունները խոսում է հակառակի մասին: Հոգևոր-բարոյական անկումը, որը տարիներ առաջ տեղավորվեց մեր կյանքում, այժմ էլ ավելի մեծ թափ է հավաքել և արդեն անդարձելի բնույթ է կրում, իսկ Հանրային խորհուրդը անհասկանալի, անտեսանելի ու անշոշափելի գործունեությամբ է զբաղված կամ ՉԶԲԱՂՎԱԾ:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

1.Անհապաղ դադարեցնել Հանրային խորհրդի գործունեությունը կամ լուծարել այն: (Ցանկացած ձևակերպում ընդունելի է):
2.Նախագահը`Ս. Սարգսյանը, հրամանագրով, որը հետագայում դառնալու է օրենսդրական նախաձեռնություն և վերջապես օրենք, հայտարարում է Հանրային խորհրդի կազմավորման նոր սկզբունքի մասին, ըստ որի.
ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ում գործունեության ժամկետը նույնն է, ինչ որ ընտրված նախագահինն է:
3.Հանրային խորհրդի կազմը ձևավորվում է հանրապետության նախագահի, Հանրային խորհրդի նախագահի փոխհամաձայնեցվածության շնորհիվ, միայն անկուսակցականներից, մտավորականներից, որոնց մի մասին կամ հնարավոր է նաև բոլորին, ընտրում է ժողովուրդը, նախագահական ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր նախագահ, ակնկալելով իր երկրորդ տեղում հայտնվելը, իր ցուցակում ընդգրկում է նաև իր հանրային խորհրդի ասենք 25-30 հոգանոց կազմը:
4. Հանրային խորհուրդը օժտվում է եղածից էապես ավելի նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություններով, հատկապես օրենսդրական, որոնք առաջին հերթին վերաբերվում են հասարակության հոգևոր-բարոյական վիճակի բարելավմանը, Հանրային խորհրդի վերը շարադրված խնդիրների իրագործմանը և մի շարք այլ, փոխհամաձայնեցված հարցերին: 
5.Հրամանագրով Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հինգ տարի ժամկետով նշանակվում է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ: 

Հ.Գ. Շարադրված կետերն ընդամենը թեզիսային են և խորը մասնագիտական վերլուծություն և քննարկում են պահանջում, սակայն կարծում եմ, մեծ հաշվով օգտակար կարող են լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել