Չեռնոգորիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցության բանաձևին։ Երկրի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը հայտարարել է, որ դա պատմական որոշում էր։
Հերթական բալկանյան երկիրը, որը պատմականորեն սերտորեն կապված էր ՌԴ-ին անդամակցում է ՆԱՏՕ-ին։ Բրյուսելը շարունակում է ռազմական դաշինքն ընդլայնել Բալկաններում`փորձելով «դուրս մղել» Մոսկվային այդ տարածաշրջանից, որը Մոսկվայի համար սլավոնական, ուղղափառ, պատմական առումներով շատ կարևոր էր և դարեր շարունակ Ռուսական կայսրությունը հանդես էր գալիս որպես տեղի սլավոնական, քրիստոնյա ժողովուրդների պաշտպան`ընդդեմ Օսմանյան կայսրության ազդեցության։
Չեռնոգորիան տարածքով, բնակչության քանակով և զինված ուժերի հզորությամբ փոքր երկիր է, չնայած ունի ռազմական կարևոր դիրք`սահմանակցում է ռուսամետ Սերբիային ու ունի ելք դեպի ծով։ Սակայն Չեռնոգորիային, իսկ մինչ այդ Սլովենիայի, Խորվաթիայի, Ալբանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պայմանավորված էր միայն ու միայն աշխարհաքաղաքական նկատառումներով։ Այդ երկրների ՆԱՏՕ-ն կարող են ծառայել որպես պլացդարմ Բալկաններում. նրանց ռազմական ներուժը լրջորեն չի ազդում ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների վրա, որտեղ գերիշխող են ԱՄՆ-ն, Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Գերմանիան, որոշ չափով Իտալիան և այլ երկրներ։
ՌԴ-ին Բալկաններից դուրս մղելը սկսվել է Հարավսլավիայի կազմաքանդմամբ. Արևմուտքը չէր ցանկանում տեսնել ռուսամետ, սլավոնական զգալի տարր և ազդեցություն ունեցող երկիր Եվրոպայի հարավում։ ՌԴ-ն միշտ կարող էր հենվել այդ երկրի վրա և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշեցին չեզոքացնել Մոսկվայի ազդեցությունը` կազմաքանդելով այդ տարածքով մեծ երկիրը` միմյանց դեմ լարելով խորվաթներին, սերբերին և այլ ազգերին, չնայած նրանք պատմականորեն միշտ էլ խնդիրներ ու հակասություններ են ունեցել։ Հարավսլավիան կարողանում էր մնալ միասնական միայն Տիտոյի ուժեղ ձեռքի և հետագայում էլ հատուկ ծառայությունների ու բանակի ազդեցության շնորհիվ։
Չեռնոգորիայի անդամակցությունից հետո նրանց օրինակին կարող են հետևել բալկանյան այլ երկրներ, ինչն էլ Բալկանները վերածելու են ՆԱՏՕ-ի միանձնյա ազդեցության գոտու։ Բացառություն է կազմում Սերբիան, որին, սակայն, ճնշում են ԵՄ-ին անդամակցության հեռանկարներով, մեղադրում եմ ռուսամետության մեջ և այլն։ Ստեղծել են արհեստական խնդիր Կոսովոյում` տվել անկախության այդ երկրամասին, փոխել էթնիկ-կրոնական դեմք` ոչնչացնելով սերբերին ու թողնելով նրանց մի մասին մարգինալ վիճակում Կոսովոյի հյուսիսում։
Այժմ էլ Կոսովոն ցանկանում է ստեղծել սեփական բանակը, իսկ Ալբանիայի նախագահը վերջերս հայտարարել է Ալբանիայի ու Կոսովոյի միավորման հնարավորության մասին` Մեծ Ալբանիայի ռազմավարության շրջանակներում, ինչն էլ сasus belli կդառնա Սերբիայի ու Ալբանիայի միջև. Ալբանիայի դեմ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն միջամտելու է ու Հարավսլավիայի «բախտին» արժանացնի նաև ռուսամետ Սերբիային` փոխելով իշխանությունն ու Բելգրադին «ուղղորդի» դեպի ՆԱՏՕ։