Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ԱԺ ընտրություններից հետո էլ, ցավոք սրտի, չեն դադարում ծավալվել ու զարգանալ հիմնականում կուլիսային քննարկումներում։ Սա շատ կարևոր է, որպեսզի ևս մեկ անգամ հասկանանք, որ, ցավոք սրտի, քաղաքական մթնոլորտի մեջ որևէ առարկայական փոփոխություն տեղի չի ունենում։ Մինչդեռ դրա մասին խոսում էին ընտրություններից առաջ մարտի մեջ քաղաքական ուժերն ու գլխավորապես ՀՀԿ-ն։ Հենց Հանրապետականի ներսում են այսօր ծավալվել ամենալուրջ խմորումներն, ու պարզ է, թե թեման ինչի շուրջ է, ինչպես են բաշխվելու մանդատներն, ու ինչպես են կազմակերպվելու իշխանության հետագա աշխատանքները։ Խնդիրն այն է, որ այս մեկ տարին դեռ հնարավոր է ինչ-որ կերպ աշխատել, պահել, ձգել իշխանությունը, սակայն շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու 2018 թվականից հետո։ Նախագահի լիազորությունները ավարտվում են, ու պարզ է այսօր արդեն, որ Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի։ Ոչ թե չի հեռանում, որովհետև չի ուզում, այլ պարզապես այս պահին հեռանալու ոչ մի տարբերակ, ցավոք սրտի, չի մնում նրան։ Իշխանական միջանցքներում միմյանց հանդեպ անվստահությունը գնալով մեծանում է, ինչը չի կարող չանդրադառնալ նաև պետության ղեկավարման վրա։ Եվ ստացված իրավիճակում Սերժ Սարգսյանը շատ արագ պետք է երկու հարց կարգավորի.
ա. Մինչև 2018 թիվը էապես բալանսավորել իշխանությունն ու նրա հնարավոր բաշխման համար կայուն գործիքակազմ ձևավորել։
բ. Աստիճանաբար կազմակերպելով իր նահանջը` երկրում էական փոփոխությունների համար հող նախապատրաստել։
Միայն այս երկու դեպքում նա կարող է անել այն, ինչ իր մոտ ստացվում է ամենից լավ` աննկատ ունենալ ազդեցություն երկրի քաղաքական կյանքի վրա, որը ոչ մի կերպ հանրային դժգոհություն չի առաջացնի ու փողոցային հարթակներ չի տեղափոխվի։ Կկարողանա՞ նա կազմակերպել այս պրոցեսը, ցույց կտա ժամանակը։