Իր անցած ստեղծագործական ուղու, երգարվեստով զբաղվելու որոշման, 'Հայաստանի Ձայնը' նախագծի ու Հելեն Սեգարայի հետ դուետի մասին ArmStar.am-ը զրուցել է երիտասարդ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի հետ:
Գրիգոր, գիտենք, որ շատ երգերի հեղինակ եք, նաև կատարող, աշխատում եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, բայց միևնույն ժամանակ Ձեր բարձրագույն կրթությունը ստացել եք բոլորովին այլ մասնագիտությամբ: Ո՞ր ուղղությամբ եք շարունակելու:
Քանի որ 7 տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց ու ավարտել եմ Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի թե դաշնամուրի, թե կոմպոզիցիայի բաժիններ, կարող եմ ասել, որ ես նախ ստացել եմ երաժշտական կրթություն, և միայն հանրակրթական դպրոցն ավարտելիս եմ որոշել բարձրագույն կրթություն ստանալ որպես տնտեսագետ: Սովորել եմ ՀՊՏՀ-ում, որտեղ ստացել եմմակրոտնտեսագետի մագիստրոսի որակավորում:

Ստացվեց այնպես, որ ցանկություն չունեցա սովորել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և փոխարենը դարձա տնտեսագետ ու հիմա վստահ կարող եմ ասել, որ տարիներ առաջ ճիշտ որոշում եմ կայացրել: Թեև շատ եմ սիրում իմ մասնագիտությունն ու աշխատել եմ որպես տնտեսագետ, բայց համատեղել իրոք դժվար է, քանի որ երգիչ լինելով պարբերաբար ստիպված եմ լինում բացակայել Հայաստանից: 2010 թ-ին, երբ պետք է առաջին անգամ մեկնեի ԱՄՆ` Երգի պետական թատրոնի հերթական համերգներին մասնակցելու, արդեն ստիպված էի ընտրել` կամ Երգի թատրոնի կամ էլ բանկային աշխատանքս: Ընտրեցի երգարվեստն ու հետագայում սկսեցի հիմնվել ավելի շատ այս ասպարեզում: Այժմ կարող եմ փաստել այն, որ երգիչ ու երգահան դառնալու ճանապարհին ինձ օգնել է իմ տնտեսագետի մասնագիտությունը:
Դուք մասնակցում էիք «Հայաստանի Ձայնը» նախագծում, սակայն մինչ այս Ձեր ուժերը փորձել եք նաև շատ այլ մրցույթներում: Կպատմե՞ք որտեղ, և ի՞նչ տվեցին դրանք Ձեզ:
Այո, 2006 թ-ին, 19 տարեկան հասակում, լրիվ անփորձ, մասնակցել եմ «Հայ սուպերսթար» նախագծին և եղել եմ եզրափակիչ դուրս եկած 12 մասնակիցներից մեկը: Այդ նախագծի միջոցով հասկացա, որիսկապես սիրում եմ երգել ու որոշեցի, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ այդ հարցով: 6 ամիս վոկալի անհատական դասընթացներից հետո մասնակցեցի «Ընծա» երգի համահայկական մրցույթ փառատոնին, արժանացա առաջին մրցանակին, որից հետո Արթուր Գրիգորյանի կողմից եղավ առաջարկ` ընդունվելու Երգի պետական թատրոն` որպես մեներգիչ: 2009-ին ընդունվեցի Երգի թատրոն , որտեղ մինչ օրս աշխատում եմ:

2012-ին իմ մասնակցությունն ունեցա The VOICE of Armenia հայտնի երաժշտական նախագծին, որն էլ հնարավորություն տվեց ներկայանալ արդեն որպես անհատ կատարող և ավելի մեծ հանդիսատեսի առջև:
Չեք հաղթել դրանցից ոչ մեկում. դա Ձեզ հիասթափեցնու՞մ է, թե՞ հաղթանակը կարևոր չէ:
Առհասարակ կարևորում եմ հաղթանակը, բայց առավել կարևոր է, թե ինչ պետք է անես այդ մրցույթում հաղթելուց հետո: Համաշխարհային պրակտիկայում շատ են դեպքերը, երբ լուրջ մրցույթների հաղթողները չեն հասնում հետագա այն հաջողությանը, որին հասնում են մրցույթը շատ ավելի շուտ լքած մասնակիցները: Որպես օրնակ նշեմ Daughtry-ի խմբին, Ադամ Լամբերթինին, կամ ավելի վառ օրինակ` Ջենիֆեր Հադսոնին, ով American Idol մրցույթում գրավեց 7-րդ տեղը, բայց հետագայում արժանացավ Գրեմմիի, իսկ ավելի ուշ ` Օսկարի:

Արդյո՞ք կշարունակեք մասնակցել այլ մրցույթների ևս, թե՞ արդեն բավական է:
Հետագայում ևս չեմ բացառում այլ մրցույթներին մասնակցությունս, ուղղակի հասկացել եմ , որ շատ կարևոր է ճիշտ նախապատրաստվել մրցույթին, քանի որ այլ խոչընդոտող հանգամանքների պատճառով հաճախ չես կարողանում դրսևորել քո բոլոր հնարավորությունները: Մրցույթներին մասնակցությունը պետք է ինքնանպատակ չլինի: Հայաստանում կազմակերպվող մրցույթները բավականին քիչ են, հետևաբար սկսնակ կատարողների համար ներկայանալու քիչ շանսեր կան, ուստի ցանկալի կլինի ուժերը փորձել նաև Եվրոպական երկրների երաժշտական մրցույթներին: Բայց այստեղ էլ բախվում ենք ֆինանսական խնդիրներին:

Խոսենք Հելեն Սեգարայի հետ Ձեր համագործակցության մասին: Ինչպե՞ս այն ստացվեց, և ի՞նչ զգացողություններ ունեիք բեմում լինելով հանրահայտ երգչուհու հետ:
Երբ ինձ առաջին անգամ հայտնեցին, որ հնարավոր է ես դուետով հանդես գամ Հելեն Սեգարայի հետ միասին, սկզբում թերահավատորեն վերաբերվեցի այդ հարցին, բայց հետագայում, երբ հանդիպեցի համերգի կազմակերպիչներին, տեղեկացա, որ նրանք The Voice նախագծում լսել են իմ կատարումները, հավանել այն ու առաջարկել Սեգարային: Վերջինս, իմ կատարումը լսելով, իր գոհունակությունն է հայտնել և հաստատել համերգին իմ մասնակցությունը:
Երևանում, մեր հանդիպման առաջին իսկ վայրկյանից, նա այնքան ջերմ էր իմ նկատմամբ ու գովեստի այնպիսի խոսքեր էր ասում, որ ինձ մնում էր միայն լայն ժպտալ: Մեր փորձից հետո, Հելենը, իր երաժիշտներն ու պրոդյուսերներն իրենց խորհուրդներով կիսվեցին ինձ հետ ու ասացին, որ հավատում են, որ ինձ հաջողություն է սպասվում:

Համերգին ես անչափ ուրախ էի և հպարտ, որ երգում եմ նրա հետ: Արդեն հաճելի էր այն, որ Հելենն ինձ հավանել էր ու որոշել հենց ինձ հետ երգել` Հայաստանում իր առաջին մենահամերգի ժամանակ: Նվագախմբի հետ` ավելի ժամանակակից գործիքավորմամբ, կատարեցինք Անդրեա Բոչելիի հետ Սեգարայի դուետը: Մեր ելույթին դահլիճն անչափ ջերմ արձագանքեց:
Համերգից հետո Հելենը հայտնեց իր գոհունակությունը, իսկ ես շնորհակալությունս: Հրաժեշտից առաջ, երբ ասացի, որ հույս ունեմ, նորից կհանդիպենք, նա ինձ պատասխանեց, որ ի տարբերություն ինձ` նա համոզված է, որ այդպես էլ պետք է լինի:
Այս համագործակցությունից ես իսկապես լիցքավորվել եմ և ավելի լրջորեն են մտածելու հետագա անելիքներիս մասին:

Ներկայում հայ շոու-բիզնեսի ո՞ր ներկայացուցիչների հետ եք աշխատում, և ի՞նչ նոր երգեր ունեք:
Որպես երգահան ես ևս շարունակում եմ լիարժեք աշխատել: Կան տարբեր երգեր, որոնք շուտով լույս կտեսնեն, ամենատարբեր, անգամ անհավանական թեմաներով, բայց այս պահին կառանձնացնեմ երկու երգ. առաջինն իմ խոսքերի և Էդգար Ալեքսանյանի երաժշտության հիման վրա գրված «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում» երգն է, որը կատարում է Անահիտ Շահբազյանը, իսկ երկրորդն իմ և Մարտին Միրզոյանի հետ համատեղ «Չփոխվես» երգն է, որը Նարեկ Բավեյանի կատարմամբ մի քանի օրից լույս կտեսնի: Երգ, որն ունի բովանդակություն, իմաստ և ասելիք:
Ներկայում աշխատում եմ նաև ինձ համար գրված երգի վրա , որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքինը` Անիտա Հախվերդյանը:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր Ձեզ նման փորձում են ճանապարհ հարթել այս ոլորտում:
Կա մի կարևոր խորհուրդ, որ կտամ բոլոր այն երիտասարդներին, ովքեր ինձ նման ուզում են քայլել այս ճանապարհով: Հիշեք, որ ես չունեմ ոչինչ ավելին քան դուք, միայն պետք է հավատալ սեփական ուժերին, անընդհատ լինել մասնագիտական առումով տեղեկացված, լինել համառ` փորձելով քայլ առ քայլ, բայց վստահ գնալ առաջ, այլ ոչ թե լոնքերով, բայց կասկածը մտքում:
Լուսանկարները` Գրիգոր Կյոկչյանի անձնական արխիվից և Հայաստանի Ձայնը նախագծի ֆեյսբուքյան էջից



