
Ռուս երաժիշտ, հաղորդավար, դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն այսօր նշում է իր 52 ամյակը: Նա ծնվել է 1961թ. մարտի 22-ին Կիևում: Նա մանուկ հասակում արդեն հմտորեն կարողանում էր դաշնամուր և կիթառ նվագել: Իսկ արդեն դպրոցական տարիներին ակտիվորեն կազմակերպում էր երաժշտական համերգներ և հիմնում խումբ ` անվանելով «ОНО»:
1978թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Լենինգրադի տեխնոլոգիական համալսարան: Ուսմանը զուգահեռ Ալեքսանդրը Կիևում աշխատում է որպես փականագործ, երբեմն էլ խաղում սիրողական թատրոնում: 1979թ. հիմնում է «Шляпа» կվարտետը: Ավելի ուշ նա հրավիրվում է Կիևի էստրադային դպրոց և ընդունվում երկրորդ կուրս:
1986թ. Ցեկալոն Լոլիտա Միլյավսկայայի հետ հիմնում է «Академия» դերասանական անսամբլը, որն արդեն 1990-ականներին շատ հայտնի էր: 1996թ. Լոլիտան և Ալեքսանդրը սկսում են վարել «Доброе утро, страна» հաղորդաշարը: Իսկ արդեն 2000թ.` «Академия»-ի փլուզումից հետո, Ալեքսանդր Ցեկալոն ներգրավվում է մի շարք հեռուստատեսային նախագծերում, այդ թվում նաև` հայտի «Старые песни о главном» հաղորդաշարում:
Անդրադառնալով Ցեկալոյի անձնական կյանքին` նշենք, որ շոումենն անցյալ տարի բաժանվեց իր սիրելիից`Վիկտորիա Գալուշկոյից: Գուցե բաժանության պատճառը եղել է Ալեքսանդրի հիվանդագին խանդը, քանի որ նա թույլ չէր տալիս կնոջն աշխատել: «Ես չեմ ասում, թե կինս ստրկուհի է, ուղղակի ուզում եմ, որ նա միշտ մնա տանը և դաստիարակի երեխաներին»,-ասել է Ցեկալոն:
Ալեքսանդրը մի տարի առաջ բոլորին ապացուցեց, որ ոչ միայն շու-բիզնեսի գիտակ է, այլև հաջողակ գործարար: Նա Մոսկվայի կենտրոնում բացել է սեփական ռեստորանը` իր գործընկեր Իվան Ուրգանտի հետ միասին:



