Վերջին տարիներին գյուղատնտեսության ճյուղը բնութագրվել է բարձր աճի միտումով՝ պայմանավորված հիմնականում բուսաբուծության ենթաճյուղով: Ճյուղում 2015թ. արձանագրվել է 13.2% աճ: Գյուղատնտեսության ճյուղի աճին նպաստել է հիմնականում բուսաբուծության բարձր աճը: Ընդ որում՝ բուսաբուծության ենթաճյուղի աճը պայմանավորված է եղել աճի թե´ էքստենսիվ, թե´ ինտենսիվ գործոններով: Ոլորտում աճել են ոչ միայն ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը, այլ նաև իրականացվել են ներդրումներ՝ հիմնականում ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ, որոնց աճը 2015 թվականին կազմել է 61.9%:
2016 թվականի հունվար-հուլիսին գյուղատնտեսության աճն էապես զիջել է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշներին: Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն թողարկումն իրական արտահայտությամբ աճել է 1.3%-ով, որը զուգակցվել է անասնաբուծության և ձկնորսության համապատասխանաբար 3.8% և 1.8% աճերով և բուսաբուծության -1.6% նվազմամբ: 2016-ին չնայած ճյուղում, ինչպես նախորդ տարի, ներդրումները շարունակել են աճել. գյուղատնտեսության աճը պայմանավորված էր հիմնականում արտադրության էքստենսիվ գործոններով: Մասնավորապես՝ ցանքատարածություններն աճել են շուրջ 4%-ով, անասնագլխաքանակը՝ շուրջ 3.1%-ով:
2017թ. գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2017 թվականին ճյուղի աճը կկազմի շուրջ 4%: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և ոլորտում իրականացված ներդրումներից ակնկալվող արդյունքները: