Ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրին հասցրած վնասները նվազեցնելու, ինչպես նաև հանքահումքային հենքի ընդլայնման ու որակական բարելավման խնդիրները հրատապ նշանակություն ունեն Հայաստանի նման առանց այն էլ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար:
Շրջակա միջավայրին հասցվող վնասակար ազդեցությունը մինիմումի հասցնելու նպատակին հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է օգտակար հանածոների հանքավայրերը շահագործել առավել արդյունավետ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով, ինչպես նաև հարկ է, որ ընդերքի օգտագործման ոլորտում ընթացիկ մոնիթորինգի իրականացման գործում նախատեսվեն համապատասխան չափորոշիչներ և հաշվետվությունների իրականացման ընթացակարգեր, որոնք մինչ այժմ բացակայել են:
Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է այս խնդրին և նշել է, որ բացը թույլ չի տալիս գնահատել ընդերքի օգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա եղած իրական ազդեցություններն ու ռիսկերը, նախաձեռնել համապատասխան գործողություններ: Վերջինս բնապահպանության նախարարին հանձնարարվել է եռամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ու ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի վերոնշյալ ընթացակարգերը:
Վարչապետը նկատել է, որ լիցենզիաների վերանայում ու փոփոխություններ են կատարվելու, որի դեպքում ուշադրություն է դարձվելու, թե ինչ պարտավորություններից են ընդերք օգտագործողները հրաժարվում, որի դեպքում կոշտ մոտեցում է ցուցաբերվելու, իսկ անհրաժեշտության դեպքում լիցենզիաները հետ են վերցվելու: