Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի հուշարձանը 1969թ. տեղադրվել էր Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում, 1970-ականներին կեսերին որոշ ժամանակ այն գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, իսկ 1980-ականներին՝ Էջմիածնի խճուղու մոտ՝ անշուք, գրեթե չերևացող, «աքսորված», անտեսված, լքված…
Գրեթե «ծածուկ», աչքից հեռու, մի անիմաստ, անտրամաբանական և ահասկանալի որոշմամբ 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում է տեղադրվել Հայկ Նահապետի ծոռ՝ դյուցազն Տորք Անգեղի արձանը:
Հայկ Նահապետի արձանն էլ մի արտակարգ վիճակում չէ…
Տեղը գուցե ավելի լավը լիներ, հենց Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանի նման գերիշխող տեղ և հենց արձանի դիմաց ծառեր չտնկվեր, չփակվեր լրիվ տեսադաշտը… Հայկ Նահապետի արձանն էլ խնամքի և ուշադրության կարիք ունի, և խորհրդային տարիների այդ սխալն էլ է պետք վերանայել:
1990-ականներին բարբարոսաբար, ինչպես Լենինի արձանի հոյակերտ պատվանդանը, քանդվեց նաև կոփածո պղնձից պատրաստված Բանվորի արձանը: Մինչդեռ այն գտնվում էր բանվորական, աշխատանքային ավանդույթներով հարուստ Շենգավիթի վարչական տարածքում և բացարձակ ոչ մեկի չէր խանգարում:
Մի խոսքով՝ շատ վատ է, որ ոչ մեկի, կարծես, չի հուզում այս և հարանման բազմաթիվ այլ ճարտարապետական, քաղաքաշինական, հուշարձանների պահպանության խնդիրները…
Իմ կարծիքով՝ Տորք Անգեղի արձանը կդիտվեր Հրազդանի կիրճին հարող որևէ գեղեցիկ ժայռաբեկորներից մեկի վրա, իսկ պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի արձանը Եռաբլուրի ճանապարհի մուտքի որևէ բլրակի վրա… Մի խոսքով՝ խելացի, մտածված, համալիր լուծումներ են պետք: Հուշարձանը պետք է գտնվի մարդաշատ, գերիշխող, դիտարժան, սիմվոլիկ, իր կերպարին և նշանակությանը բնորոշ վայրում:
Նույն բախտին և կարգավիճակին արժանացած էլի շատ արձաններ, արձանախմբեր, կոթողներ ունենք, որոնք սպասում են իրենց լուծմանը:
Որևէ հյուրանոցի, ռեստորանի, լցակայանի, տոնավաճառի, սուպերմարկետի տեղ՝ մի հոյակապ տեղում, անպայման կգտնվեր… Եվ շատ արագ կկառուցվեր՝ գերակա հանրային շահով հանդերձ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1022279494569368?notif_t=close_friend_activity¬if_id=1493101528936690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել