ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս

Մի քանի օր է՝ լսում եմ «Ոստան Հայոց» ռոք խմբի և Շուշան Պետրոսյանի «Մշո գորանին»: Որպես մշեցի, որպես հայկական ժողովրդական երգարվեստի սիրահար, որպես ռոքի սիրահար՝ մեծագույն ոգևորություն և հաճույք եմ ապրում: Հպարտ եմ, որ հայ եմ, որ նման մշակութային ժառանգության կրող եմ, հպարտ եմ, որ մշեցիների մշակութային ժառանգությունը այժմեական է նաև մեր օրերում…

Միևնույն ժամանակ, վերջին օրերի ոգևությանս համար պարտական եմ մարդկանց, որոնք այսօր հայտնվել են քաղաքականության տարբեր բևռներում: «Ոստան Հայոցը» համակրում և համերգներով ոգևորում է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Շուշան Պետրոսյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Միգուցե Հայաստանում կան մարդիկ, որոնց համար քաղաքականությունը վեր է ամեն ինչից, կարող են այն աստիճանի չարանալ, որ հային թուրք անվանեն կամ հային հայի դեմ հանեն, սակայն նրանք մեծամասնություն չեն, համենայն դեպս՝ ես հավատում եմ դրան:

Ցանկացած հասարակության և հատկապես ազգ-հասարակության հզորագույն միավորիչ գործոնը մշակույթն է: Ես չեմ կիսում ՀԱԿ-ի Զուրաբյան Լյովիկի քաղաքական հայացքները, բայց համոզված եմ, որ խորհրդային տարիներին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը արժեք է երկուսիս համար: Ես չեմ կիսում ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի քաղաքական հայացքները, բայց համոզված եմ, որ Դանիել Վարուժանի և Արամ Խաչատրյանի մշակութային ժառանգությունը արժեք է երկուսիս համար: Ես չեմ կիսում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանի քաղաքական հայացքները, բայց համոզված եմ, որ «Ջան իմ Աբարան» երգը Արմեն Մարտիրոսյանն ինձանից պակաս չի սիրում: Եվ այսպես շարունակ...

Նախընտրական և հետընտրական գործընթացներն անցողիկ են, ազգային մշակույթը՝ հարատև: Ազգային մշակույթն է մեր ինքնության, շարունակության, ազգային իղձերի իրականացման կարևորագույն հենասյունն ու երաշխիքը: Ի վերջո, պետք չէ չարանալ արվեստի և մշակույթի գործիչների քաղաքական հայացքներից, ինձ համար արժեք է ինչպես ՀՀԿ անդամ Շուշան Պետրոսյանի, այնպես էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիր «Ոստան Հայոցի», ՀԱԿ համակիր, երջանկահիշատակ Օհան Դուրյանի արվեստը: Ի վերջո, քաղաքականությամբ զբաղվողնեը կանցնեն ու կգնան, իսկ մեր մշակույթի գործիչները կմնան, որովհետև արժեք են ստեղծել ու արժեք են շարունակել:

Ինչևէ, անկախ քաղաքական հայացքներից ու քաղաքական պայքարի տրամաբանությունից՝ ես հպարտ եմ, որ կան Շուշան Պետրոսյանի և «Ոստան Հայոց» ռոք-խմբի անդամների նման հայկական ազգային մշակույթը պահպանող ու զարգացնող մարդիկ: Հպարտ եմ ու ոգևորված, որովհետև նրանց նմաններին եմ պարտական իմ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ համար՝ «Գնալու ենք վաղ, թե ուշ… Ես չտեսնեմ, ծոռիս ծոռը կտեսնի…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել