www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Հնդկաստանի տիրակալը մահամերձ էր: Մի ինչ-որ անհայտ հիվանդություն էր համակել նրան երիտասարդ տարիքում: Ոչ մի հրավիրված բժիշկ չէր կարողանում նրան բուժել: Տիրակալը հուսահատությունից իր մոտ կանչեց իր առաջին նախարարին և ասաց.
— Ես հրաման եմ տվել, որ իմ մահից երեք ժամ հետո քո գլուխը կտրեն: Այդ պատճառով էլ, եթե կյանքը թանկ է քեզ համար, գնա ու մի ճար գտիր, որ բուժվեմ ու չմահանամ:
Նախարարը հեռացավ, բոլորովին չհասկանալով, թե ինչ պիտի անի, և ինչպես պիտի փրկի իր կյանքը: Երբ նա աննպատակ թափառում էր փողոցներով, մի ծերունի, տեսնելով նրա հուսահատ դեմքը, կանգնեցրեց նրան.
— Տեսնում եմ, որ փորձանքի մեջ ես, — ասաց նա:
— Հա, փորձանքի մեջ եմ… — հոգոց քաշեց նախարարը:
— Գնա շուկա, և գտիր Ճանդան վաճառողին: Նա քեզ կօգնի: Հա, տես, հանկարծ գումար չափսոսաս…
Նախարարը վազելով հասավ շուկա: Գտավ Ճանդան վաճառողի կրպակը և ներս մտավ: Վաճառասեղանի հետևում կանգնած էր վաճառողը: Նա շատ տխուր էր: Նախարարը, որպեսզի զրույց սկսի, հարցրեց նրան.
— Դե, ինչպե՞ս է առևտուրը:
— Վատ, — պատասխանեց վաճառողը: — Ոչ ոք ոչինչ չի գնում: Իսկ ես պետք է երկու երեխա կերակրեմ, կնոջս նոր զգեստ գնեմ, հարկերս վճարեմ…, — և խոր հոգոց քաշեց:
Նախարարը շփոթված մի փոքր էլ կանգնեց՝ մտածելով, թե ինչպե՞ս այս դժբախտ մարդը պետք է իրեն օգնի, որ նա փրկի Արքային, ճանդան վաճառողին՝ առևտրի մեջ հաջողություն մաղթեց և արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ լսեց, թե ինչպես վաճառողը, մեկ անգամ էլ հոգոց հանելուց հետո քթի տակ մրմնջաց.
— Այ, եթե մահանար տիրակալը, ապա մեր քաղաքի բոլոր բնակիչները կգային ինձանից Ճանդանի փայտիկներ գնելու, որպեսզի դնեին այն թաղման խարույկի մեջ…
Եվ այստեղ հանկարծ նախարարը գլխի ընկավ: Նա շրջվեց դեպի վաճառողը և ասաց.
— Ես գնում եմ քո կրպակում եղած ամբողջ ապրանքը: Եվ քեզ ևս հազար ոսկեդրամ եմ տալիս այն պայմանով, որ այլևս ճանդան չվաճառես:
Երբ նախարարը վերադարձավ պալատ, նրան դիմավորեցին պալատականները՝ հոյակապ տրամադրությամբ և բարի լուր հայտնեցին՝ արքայի հրաշքով առողջացման մասին:
Մայքլ Պարկես «Սֆինքս» 1988