Պրակտիկան ցույց տվեց, որ նոր «հեղափոխությունների» քաղաքական տեխնոլոգիաները քիչ թե շատ արդյունավետ են բոլոր հետխորհրդային հասարակություններում՝ անկախ դրանց զարգացվածության մակարդակից, ռեսուրսներից, դեմոկրատացման աստիճանից: Պատճառը միգուցե այն է, որ «սպառողի» վերածված գլոբալականացված մարդը իր ապրելակերպով և մտածելակերպով շատ չի տարբերվում իրենից 1000 կմ հեռու ապրող միջին թվաբանական այլ սպառողից: Այն պնդումը, թե «Մեր դեպքում ամեն ինչ ուրիշ է», չունի ոչ մի ծանրակշիռ հիմք: Օրինակ՝ վերջին տարիներին իրականացված բոլոր «հեղափոխությունների» դեպքում առկա են նույն գործընթացները և փուլերը` թե՛ Աֆրիկայում, թե՛ Միջին Ասիայում, թե՛ Սերբիայում: Տարիներ առաջ ակտիվորեն տարածվող «գունավոր հեղափոխությունները» և «Արաբական գարունը» իրականում նույն տրամաբանական շղթայի մասն են: Հայաստանը գտնվում է «հեղափոխությունների» տարածման խաչմերուկում: Միևնույն ժամանակ «գունավոր հեղափոխությունների» մեկնաբանման ժամանակակից տեսությունների մեծամասնությունը հիմնվում են այս կամ այն «դավադրության» տեսության վրա, որը պարզունակացնում է բարդ գործընթացը: Այս երևույթի հիմքերը օբյեկտիվ են և կապված են երկարաժամկետ լատենտ կոնֆլիկտների և տարիներով կուտակված հիմնախնդիրների հետ: Ենթադրվում է, որ ժամանակակից սոցիալական տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել իշխանափոխության իրականացման որոշակի մեթոդաբանության և գործիքներ: Ստանդարտացված գործողությունների կիրառումը տարբեր հասարակություններում դարձել է հնարավոր, քանի որ մարդկային վարքը վերջին 20 տարիների ընթացքում դարձել է ավելի կանխատեսելի և կառավարելի: Ընդ որում, ժամանակակից «հեղափոխությունների» նախադրյալներից մեկը համարում են տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը քաղաքական ուժերի կողմից:  Իրականում սոցիալական ցանցերի դերը գերագնահատվում է: Դրանք պարզապես նեգատիվ սոցիալական տրամադրությունների գեներատորներ են, միայն ապահովում են քաղաքական որոշակի «հեղափոխական» ֆոն: Հեղափոխական ֆոնի ապահովման վերջնական նպատակը հասարակական փոփոխությունների անհրաժեշտության ներշնչումն է: Որպես կանոն, «հակաիշխանական» տրամադրությունների տարածողների մեջ մասը չի գիտակցում իր գործառույթի մասին, այլ ցանկանում է մնալ սոցիալական թրենդի մեջ: Սոցիալական ցանցը ստեղծում է «ըմբոստության ենթամշակույթ», որի դեպքում համակարգի դեմ պայքարելը դառնում է սոցիալապես հեղինակավոր և մոդայիկ: Նույնիսկ մշակութային էլիտայի մարգինալացված մասը նույնպես ցուցադրում է «հեղափոխական» վարք, որը ավելի շուտ սեփական իմիջի վերահաստատմանն է ուղղված, քան էլիտայից կոնտրէլիտայի վերածմանը: Մշակութային և գիտական էլիտաները կապիտալիստական համակարգերում վերածվել են դրա անբաժանելի մասի՝ նրա գաղափարախոսության տարածողի և մշակողի: Հատկանշական է, որ գործող նորմերից ցանկացած սոցիալական շեղում ներկայացվում է որպես իշխող համակարգի դեմ պայքար: Միևնույն ժամանակ նորմերից «հեղափոխական» շեղումները երբեք ուղղված չեն կապիտալիստական համակարգը վտանգելուն: Գաղափարախոսական առումով գունավոր հեղափոխությունները ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ են, քանի որ նրանց շարժիչ ուժը, մարքսիստական տերմինաբանությամբ, մանր բուրժուազիան է, իսկ որոշ դեպքերում՝ լումպենացված և օտարված սոցիալական խմբերը: Ցանկացած ժամանակակից «գունավոր հեղափոխություն» զարգանում է ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական աշխարհում: Անպայման չէ, որ վիրտուալ գունավոր հեղափոխության և իրական գունավոր հեղափոխության հաղթանակները և պարտությունները համընկնեն: Արդյունավետ պրոպագանդայի և «վիրտուալ իրականության» կառուցման դեպքում իրական կյանքում ջախջախված հեղափոխությունը կարող է «քանակական և որակական» հաղթանակ տանել վիրտուալ հարթակներում՝ սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում: Այս առումով կարելի է առանձնացնել երկու խմբի վիրտուալ պրոպագանդիստների` գաղափարների գեներատորներ և գաղափարների տարածողներ: Գաղափարների գեներատորները ստեղծում են դիսկուրսներ, իսկ տարածողները դրանք դարձնում են հանրային և հասարակության լայն շերտերի համար ընկալելի և «պարզեցված»: Արդյունքում դիսկուրսը, անընդհատ տարածվելով, էվոլյուցիայի ենթարկվելով, կորցնում է իր նախասկզբնական ձևը և սկզբնաղբյուրը, բայց պահպանում է իր նախասկզբնական նպատակը: «Հեղափոխություն» հասկացության կիրառությունը վերջին տասնամյակում իրականացվող քաղաքական գործընթացներում պայմանական է և վիճելի: Առաջին հերթին պետք է տարբերակել «հեղափոխություն» և «հեղաշրջում» հասկացությունները՝ վերոնշյալ գործընթացները նկարագրելու համար: Վերջին 10 տարիների ընթացքում իրականացված «գունավոր հեղափոխություններից» ոչ մեկը իրենից չի ներկայացնում հեղափոխություն բառի մաքուր, քաղաքագիտական սահմանման համաձայն: Իրականացվել է էլիտաների շրջապտույտ, իսկ կառավարման համակարգը և ռեսուրսների տիրապետությունը շարունակել է մնալ նույն կերպ՝ սահմանափակ թվով մարդկանց տիրապետության կամ վերահսկողության տակ: Տնտեսական էլիտաները «հեղափոխված» երկրներում չեն կորցրել իր դիրքերը, այլ որոշ տնտեսական շրջանակներ ամրապնդել են իրենց դիրքերը` ստանալով առավել նպաստավոր պայմաններ գործունեության համար: Նմանատիպ «գունավոր հեղափոխությունների» նպատակը ոչ թե բուն իշխանափոխությունն է, այլ «կառավարելի քաոսի» ստեղծումն է: Որքան ատոմացված է հասարակությունը, այնքան ավելի հեշտ վերահսկելի և կանխատեսելի է, քանի որ ատոմացված հասարակությունը ունի սահմանափակ ռեսուրսները, հետևաբար նաև սահմանափակ գործողությունների հնարավորություն: Որոշ դեպքերում նույնիսկ իշխանության են եկել ավելի ավտորիտար և ծայրահեղական ուժեր, իսկ սկզբնական լոզունգները վաղուց արդեն արդիական չեն ու մոռացվել են: «Հեղափոխված» երկրների մեծամասնությունում իշխանության են եկել նախկին կամ ներկա էլիտային մաս կազմող խմբերը կամ բացառապես դրսից «ներկրված հեղինակություններ» (հիշենք Օ՝Հենրիի «Արքաները և կաղամբը»): «Հեղափոխություններից» հետո ոչ մի երկրում հետո չեն ազգայնացվել խոշոր կապիտալիստական ձեռնարկությունները և ռեսուրսները: «Հեղափոխություններից» հետո ոչ մի երկրում քիչ թե շատ չի բարելավվել բնակչության բարեկեցությունը, սոցիալական պաշտպանվածությունը, տարրական իրավունքները դադարել են գործելուց:   

ՈՒկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Լիբիայում, Սիրիայում, Թունիսում, Եգիպտոսում, Բելոռուսում, Մոլդովայում, Ղրղզստանում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունից կարելի է դուրս բերել հեղափոխությունների հետևյալ փուլերը:

  1. Նախապատրաստական փուլ: Հասարակության մեջ աստիճանաբար ստեղծվում են առկա հիմնախնդիրների ծայրահեղականացմանը ուղղված դիսկուսներ: Այդ դիսկուսները կարող են կապված լինել ինչպես իրական-օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ և արհեստականորեն «կարևոր» դարձված հիմնախնդիրների հետ: Հիմնախնդիրների լուծման համար ստեղծվում են ոչ ֆորմալ խմբեր, որոնք աստիճանաբար ֆորմալացվում են և մոնոպոլիզացնում են տվյալ հիմնախնդրի շուրջ ծավալվող դիսկուրսը: Հասարակության մեջ հիմախնդիրների դիսկուրսի տարածումից հետո ստեղծվում է հակահերոսի կերպար՝ հանձինս իշխանությունների: Այն ամենը, ինչը առնչվում է իշխանությունների հետ, «պիտակավորվում» է, քանի որ հիմնախնդիրների պատասխանատվությունը միջնորդավորված կամ ուղղակի կերպով ուղղորդվում է դեպի իշխանությունը: Իշխանություններին լոյալ բոլոր անձինք ենթարկվում են քննադատության, որպես «ծախվածներ», «ստրուկներ», «ֆաշիստներ» և այլն: Առաջին հայացքից կոնկրետ հիմնախնդրի լուծմանը ուղղված սոցիալական խումբը աստիճանաբար վերածվում է հակաիշխանական հանրույթի: Որպես կանոն սկզբնական շրջանում գործում են առերևույթ իրարից անկախ, բայց իրականում մեկ կենտրոնից համակարգվող մի քանի շարժումներ՝ սկսած կրոնականից, վերջացրած իրավապաշտպաններով, բնապահպաններով, ազգային փոքրամասնություններով: Վերոնշյալ խմբերի գործունեության հիմնական նկատակը հասարակությանը ներշնչել ահագնացող վտանգի մասին և ստեղծել ուժեղ ու դժգոհ մեծամասնոթյան տպավորություն:
  2. Դեպքի փուլ: Ցանկաված հեղափոխություն սկսվում է որևէ «սահմանազատող»  դեպքից:  Դեպքը կարող է լինել քաղաքական գործիչի սպանությունը (Ռ. Հարիրի-Լիբանանում), հասարակ մրգավաճառի ինքնահրկիզումը (Թունիս), ընտրությունների արդյունքների հրապարակումը (Ուկրաինա, ՌԴ, Վրաստան): Դեպքից հետո հասարակության մեջ դրվում է սահման «մերոնքականների» և «թշնամիների”» միջև: Դեպքը դառնում է դրոշակ սեփական համակիրներին միավորելու և կնիք՝ քաղաքական հակառակորդներին պիտակավորելու համար: Այսուհետ գործում է «Դուք մեզ հետ չեք, ուրեմն մարդասպանների հետ եք»  կամ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը:   
  3. Ակտիվ կոնֆլիկտի փուլ: Ոչ մի «գունավոր հեղափոխություն»  խաղաղ չի ընթանում, չնայած նախասկզբնական շրջանում բացառապես խաղաղ քաղաքական գործողություններ են իրականացվում, բայց գործողությունների բնույթը աստիճանաբար մարգինալացվում և կոշտացվում է: Նպատակն է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ քաղաքական գործողությունը օրենսդրական տեսանկետից լինի ոչ միանշանակ, բայց բարոյական նորմերի տեսակետից ընդունելի: Գործողությունների ծրագիրը մանրամասնորեն ներկայացված է Ջիմ Շարփի «Դիկտատուրայից դեմոկրատիա» աշխատության մեջ, որը մեծ հաշվով «գունավոր հեղափոխության» խաղաղ փուլի ուղեցույց է: Ակտիվ փուլը բացառապես իրականացվում է երկրի մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում (Կահիրե, Մոսկվա, Բենգազի, Հալեպ), քանի որ մարդկային ռեսուրսների մոբիլիզացումը ավելի արդյունավետ է, և քիչ նյութական ռեսուրսներ են պահանջվում, մյուս կողմից՝ ռեգիոնալ բնակչությունը ավելի պահպանողական է և լոյալ է առկա քաղաքական համակարգին: Հատկապես կարևոր է լրատվամիջոցների կողմից ընտրական և միակողմանի տեղեկատվության տարածումը, որի արդյունքում սահմանազատվում են «ճշմարտախոս» և «ստախոս» լրատվամիջոցները: Արդյունքում ստեղծվում է լսարան, որը տեղեկատվություն ստանում է միայն «ճշմարտախոս» ԶԼՄ-ներից: Այդ լսարանի մոտ տեղեկատվական հոսքերի արդյունքում ձևավորվում են «թունելային» և պարզեցված պատկերացումներ քաղաքական և սոցիալական իրականության վերաբերյալ: Ամեն հիմնախնդիր դիտարկվում է սև և սպիտակ գույներով, հասարակությունը բաժանվում է չարի և բարու, լուսավորի և խավարի: Հասարակության շարքային անդամներին ներշնչվում է սեփական բացառիկության զգացում, որն իր հերթին բերում է սեփական քաղաքական հայացքների և քաղաքական ուժի բացառիկության ինքնագնահատմանը:  
  4.  Որոշիչ փուլ: Ակտիվ փուլը ավարտվում է առաջին զոհերով: Առաջին զոհերը անմիջապես հերոսացվում, սրբացվում և իդեալականացվում են: Ընդ որում, զոհերի թիվը նպատակաուղղված կերպով ներկայացվում է տասնապատիկ և նույնիսկ հարյուրապատիկ ավել: Ձևավորվում են հետևյալ դրույթները՝ «Զոհի փոխարեն կարող էր լինել ցանկացած մարդ…», «Իշխանությունները մարդասպաններ են…», դրույթը վերափոխվում է կոնկրետ մարդուն «մարդասպան» պիտակավորելուն՝ «Մուբարաքը մարդասպան է»: Սահմանը խաղաղ ցուցարարների և խռովարարների միջև անհետանում է: Խաղաղ ցուցարարների շարքում հայտնվում են զինված և ագրեսիվ տարրեր, որոնք գործում են այլ տրամաբանությամբ, քան շարքային ցուցարարները: Կազմակերպված և զինված, սառնասիրտ փոքրամասնության շուրջ ձևավորվում է էմոցիոնալ, ագրեսիվ և հեշտ ներշնչվող ամբոխ: Ամբոխի մեջ գտնվող մարդու կարծիքով իր գործողությունները իր սեփական կամքի արդյունքն են, բայց իրականում, առաջին հայացքից տարերային և «ժողովրդական» գործողությունները ուղղորդվում են գործողությունների ծրագրի շրջանակներում: Կա հայտնի կարծիք, որ ամբոխի ինտելեկտը հավասար է ամբոխի ամենաանգիտակից մարդու ինտելեկտին՝ բաժանած ամբոխի մարդկանց թվին: Չնայած առերևույթ տարերայնությանը, ամբոխը ուղղորդված կերպով շարժվում է բնակավայրի կարևորագույն և ստրատեգիական օբյեկտների ուղղությամբ: Ամբոխի գործողությունները լեգիտիմացվում են, որը արտահայտվում է տերմինների փոփոխությամբ, հատկանշական է ամբոխ տերմինի փոփոխությունը՝ «ժողովուրդ» տերմինով, «սպանություն» տերմինը փոխարինվում է՝ «ժողովրդական դատաստան» և «արդարության հաղթանակ» տերմինով և այլն:  

 

Այսուհետև հնարավոր է մի քանի սցենարներ:

  1. Թունիսյան-եգիպտական սցենարով: Երկրի բարձրագույն իշխանությունը հրաժարվում է իշխանությունից, հեռանում է արտասահման, կամ դատապարտվում է, կամ գալիս է համաձայնության իր անձեռնամխելիության շուրջ: Երկրում առաջանում է իշխանության վակուում, որը անմիջապես լրացվում է բանակի կողմից, քանի որ վերջինս միակ քիչ թե շատ կազմակերպված համակարգն է: Բանակի կողմից իշխանության վերահսկողության տապալման դեպքում, իշխանության վակուումի հետևանքով պետական ինստիտուտները և վերահսկողական մարմինները դառնում են անարդյունավետ: Ստեղծված զանգվածային և կոլեկտիվ անպատասխանատվությունը հանգեցնում է երկարատև և փաստացի անիշխանության: 
  2. Լիբիական (հավանական է նաև սիրիական) սցենար, երբ իշխանությունները դիմադրում են, բայց վաղ թե ուշ պարտվում են: Իշխանամետ ուժերը և համակիրները բնաջնջվում են կամ արտագաղթում: Երկրում հաստատվում է յուրօրինակ «դեմոկրատիա», որտեղ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը գործում են անոմիայի և կլանային սկզբունքների պայմաններում: Քաղաքացիական պատերազմը աստիճանաբար վերափոխվում է միջկլանային ընդհարումների, որոնք կարող են շարուրունակվել տասնամյակներ: 
  3. Ռուսական սցենար: Ի հակադրություն ընդդիմադիրների բազմահազար ցույցերի և ակցիաների՝ կազմակերպվում են նմանատիպ իշխանամետ ակցիաներ, որի արդյունքում գունավոր հեղափոխության մեխանիզմները դադարում են արդյունավետ լինել, քանի որ համազգային լինելու իմիջը դադարում է գործել: Ընդդիմության նյութական, մարդկային և հոգեբանական ռեսուրսները աստիճանաբար սպառվում են: Ուժեղ իշխանությունների պայմաններում թույլ ընդդիմությունը և հասարակական շարժումները աստիճանաբար տարրալուծվում կամ վարկաբեկվում են՝ արդյունքում հասարակության մեջ քաղաքականացվածության մակարդակը նվազում է:  
  4. Բահրեյնի սցենար: Ընդդիմության կազմակերպած նախնական հուզումների շրջանում տեղական իշխանությունները օտարերկրյա օգնության կամ սեփական ուժային ռեսուրսների շնորհիվ վերացնում են ընդդիմությանը բառի բուն իմաստով՝ սահմանափակվում են ոչ իշխանամետ բոլոր հավանական ուժերի գործունեությունը: Երկրում փաստացի դադարում է գոյություն ունենալ ընդդիմություն:     

P.S. Բոլոր նմանությունները հայ իրականության հետ կարող են լինել պատահական: Ես ինքս չեմ հարում ոչ մի քաղաքական ուժի ու շարժման: Ավելին՝ ընդհանրապես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել