Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակըBarometer.am-ը գրում է.

Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անունով: Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, անվանակոչման արարողության ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

"Սա Մարսելի հայ համայնքի դերի կարևորության ճանաչումն է: Այս կերպ նաև ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիևին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի են կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է",- նշել է Իվ Մորենը:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն էլ ընդգծել է, որ իրենց ցանկությունն է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման համար:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել