Image may contain: 1 personԵրեկ «Ազգ-բանակ» համաժողովին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես եկավ ժամկետային զինծառայողների առաջնագծում կամավոր ծառայության «Ես եմ» նախաձեռնությամբ, դնելով այն հանրային քննարկման։

Մենք արդեն հնարավորություն ենք ունեցել նախարարի հետ քննարկելու այս նախաձեռնությունը, և ընդհանուր առմամբ՝ այն համարում ենք քայլ ճիշտ ուղղությամբ և ողջունում ենք այն։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ կիսել այս նախաձեռնության վերաբերյալ հետևյալ նկատառումները՝

ա) ծառայությունը առաջնագծում՝ որպես առավել ռիսկային, ընդհանրապես պետք է կրի կամավոր բնույթ։ Որպեսզի այնտեղից հանվեն մնացած (ծրագրին չանդամակցած) ժամկետային զինծառայողները, անհրաժեշտ է նրանց աստիճանաբար փոխարինել մասնագիտացած, պրոֆեսիոնալ զինվորականներով, ուստի այս ծրագիրը պետք է դիտել միայն որպես քայլ այդ ուղղությամբ, և ծրագրին ներգրավվող երիտասարդների համար ստեղծել լրացուցիչ խթաններ՝ դրա ավարտից հետո մնալ և պաշտպանելու առաջնագիծը, արդեն որպես հիմնական մասնագիտություն։

բ) բուն առաջնագծի պաշտպանությունը պետք է դարձնել ավելի անվտանգ և ավելի տեխնոլոգիական։ Դա պահանջում է ներդրումներ, սակայն հնարավոր քայլերը բավական պարզ են։ Մեր հիմնադրամը ներկայումս աշխատում է մոդելային դիրքի նախագծի վրա և առաջիկայում առիթ կունենա ներկայացնելու՝ հույս ունենք, որ առաջիկա տարիներին ամբողջ առաջնագիծը կվերակահավորվի այս տրամաբանությամբ։

գ) առաջնագծի պաշտպանության համար կամավոր ծառայության խրախուսումը չպետք է լինի միայն նյութական՝ այն ժամկետային զինծառայողները, որոնք կամավոր կգնան առաջնագիծը պաշտպանելու, պետք է հատուկ հարգանք վայելեն հասարակության մեջ, դա մեզնից յուրաքանչյուրի գործն է, բայց նաև պետության, որը ունի բազմաթիվ լծակներ՝ այդ երիտասարդների հանրային ստատուսը ուժեղացնելու։

դ) խրախուսման դրամական մասը պետք չի կապել ընդամենը երեք հնարավոր օգտագործման, դա անհատի ազատության անհարկի սահմանափակում է։ Ծրագրի մասնակիցներին պետք է հնարավորություն տալ իրենց ծանր քրտինքով վաստակած գումարը օգտագործելու իրենց հայեցողությամբ ցանկացած նպատակի՝ ներառյալ նաև սեփական ընտանիքին ծառայության ընթացքում աջակցության համար, իսկ պետության կողմից սահմանած երեք ուղղությունների համար (բնակարան, կրթություն, սեփական գործ) պարզապես տալ լրացուցիչ արտոնություններ՝ օգտագործելու համար;

Շնորհակալ կլինեմ բոլոր ընկերներիս արձագանքների համար, առաջիկայում դրանք համակարգված նախարարությանը ներկայացնելու մտադրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել