Դերասան, հումորիստ Արմուշը ավելի քան 15 տարի է` հեռուստաեթերում է։ Նա և իր գործընկերները հայ հանդիսատեսին ներկայացրել են հումորային նախագծեր, որոնք ավարտից հետո էլ շարունակում են մնալ հանրության ուշադրության տիրույթում։ Մինչև օրս մարդիկ քննարկում են «Վիտամինի» հավանական վերադարձը, որի համար, ի դեպ, արդեն նախադրյալներ կան։
Արմուշի` ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ դերասանի հետ զրույցել ենք գործունեության, անցած ճանապարհի և ԱՄՆ–ում ամեն ինչ նորից սկսելու մասին։
–Արմուշ, ավելի քան 15 տարի է` հումորի ասպարեզում ես և բազմաթիվ նախագծեր ես իրականացրել։ Ի՞նչ ճանապարհ ես անցել։
–Ճանապարհը շատ դժվար էր, սակայն ես գնացի իմ երազանքի հետևից։ Ես և Վահագն Գրիգորյանը սովորում էինք «Հայֆիլմում», զգացինք, որ կարողանում ենք նաև հումորային սցենար գրել, որոշեցինք ստեղծել ՈւՀԱ–ի թիմ, որով 2001 թվականին դարձանք Հայաստանի ՈւՀԱ բարձրագույն լիգայի խաղերի հաղթող։ Դրանից հետո ընդգրկվեցինք «Արմյանսկի պրոյեկտ» ՈւՀԱ թիմ և մասնակցեցինք Ռուսաստանի բարձրագույն լիգայի խաղերին:
Մեզ սկսեցին վստահել մեծ նախագծեր, սկսեցինք վարել «Ոսկե աշունը», որն անցկացվում էր մարզադաշտում և կարևոր իրադարձություն էր համարվում։ Այդտեղ փորձ ձեռք բերեցինք և սկսեցինք հանդես գալ նաև որպես շոումեն։ 2002 թ մասնակցում էինք «Բազե» համահայկական հավաքին, զգացինք, որ ծրագրում մշակութային բաժնի պակաս կա։ 2003 թվականին մշակութային ղեկավարը դարձավ Արման Սահակյանը և մեզ առաջարկեցին կազմել մշակութային ծրագիր։ Ես ու Վահագնը մի քանի ծրագիր կազմեցինք, որոնք մեծ հավանության արժանացան երկրի ղեկավարության կողմից։ 13 տարի հանդես եկա որպես «Բազեի» գեղարվեստական ղեկավար:
2006 թվականին ես ու Վահագնը ստեղծեցինք «32 Ատամ» ակումբը, որն ունեցավ դրական մեծ արձագանք։ 4 տարվա ընթացքում բազմաթիվ մրցանակներ ունեցանք։ Որպես հումորի ժանրում մասնագիտացած ու դժվար ճանապարհ անցած մարդիկ` «32 Ատամ»-ից հետո ստեղծեցինք «Վիտամին» ակումբը։ Կարծում եմ` մեզ համար շատ ճիշտ ժանր էինք ընտրել։
–Շոու բիզնեսում տարիների ընթացքում շատերի աստղը փայլեց ու մարեց, սակայն քչերը մնացին ասպարեզում։ Ո՞րն էր ձեր թիմի երկարակեցության գաղտնիքը։
–Հայ հանդիսատեսի համար շատ դժվար է հումոր գրել, որովհետև հայերը հումորի մեջ «եփված» մարդիկ են։ Հայ հանդիսատեսին դժվար է ծիծաղեցնել, քանի որ շատ պահանջկոտ է։ Մեզ հաջողվեց, որովհետև մենք մտանք իրենց հոգսերի մեջ, փորձեցինք այնպես անել, որ ամեն մեկն իրեն տեսնի այդ հոգսի մեջ, սակայն ծիծաղով տանի ամենը։ Դա ընդունվեց հանդիսատեսի կողմից և շարունակվեց 9 տարի։
–Ժամանակին «32 ատամը», ապա` «Վիտամինը» մեծ հաջողություն ունեցան։ Ճիշտ ժամանակին որոշեցիք կանգ առնել «Վիտամինում», քանի որ տարիներ շարունակ նույն հաղորդումն անելը, ի վերջո, կարող էր անկման բերել։ Հե՞շտ տրվեց այդ որոշումը։
–Քանի որ մեր պետությունը փոքր է, զգացինք, որ ակտուալ իրադարձությունները սպառվում են, ճանաչված մարդկանց անդրադարձել ենք։ Դա արդեն խնդիր էր։ Զգում էինք, որ կրկնվելու վտանգ կա։ Մենք հասուն մարդիկ ենք, զգացինք, որ մեզ դադար է պետք, որովհետև 9 տարի առանց, նույնիսկ, եթերաշրջանի դադարի հումոր ենք տվել։
Մենք բավականին շատ բան ենք ներդրել 2 նախագծում։ Զգացինք, որ դառնում ենք սովորական, իսկ մենք չէինք կարող սովորական ելույթ ունենալ, որովհետև հանդիսատեսը մեզանից միշտ բարձրորակ հումոր է սպասել։ Չնայած հանդիսատեսն ամեն շաբաթ սպասում էր մեզ եթերում, հասկացանք, որ պետք է կարոտեն մեզ։
Տղերքով հավաքվեցիք և որոշեցինք, որ պետք է դադար տանք, որպեսզի կարոտենք էնտուզիազմը, որով աշխատել ենք, կարոտենք իրար, ի վերջո, 9 տարի ամեն օր միասին եք եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։