Գլուխ I
Մեր օրերում Օլիգարխաբանությունը դեռևս նոր ձևավորվող, լայն գիտակարգ է, որի ճյուղերը զարգանում են բազմաթիվ գիտնականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս առումով տնտեսագիտության մեջ ուսումնասիրության թեմա է օլիգոպոլ միջավայրը, լեզվաբանության՝ մասնավորապես բառարանագիտության մեջ առանձնացվում են օլիգարխների կարգայնացումն ու դասակարգումը հեշտացնող բազմաթիվ գիտաբառեր, եզրույթներ, մինչդեռ քաղաքագիտության ոլորտում օլիգարխների՝ որպես քաղաքականության վրա ներազդող որոշիչ գործոնի ուսումնասիրությունը հանգեցնում է քաղաքական գործընթացների ուսումնասիրության նոր մեթոդաբանության ձևավորմանը:
Պատմագիտական և հնագիտական վկայությունները փաստում են, որ homo oligarchus-ը (հայերեն՝ «մարդանման անասուն») Հայկական բարձրավանդակում գոյություն է ունեցել դեռևս վաղ անցյալից:
Ընդ որում, մարդու առաջացման և զարգացման ընդունված վարկածները մեծապես փոխվում են Հայկական բարձրավանդակի homo oligarchus-ին առնչվող հնագիտական փաստերի ուսումնասիրությանը զուգընթաց: Մասնավորապես պետք է նշել առայսօր հայտնաբերված մի քանի ուշագրավ փաստեր:
Վերջերս իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ տեսակի մի քանի ոսկորներ, որոնք իրենց վաղեմությամբ մոտ 5000 տարեկան են: Կապակցող օղակներ՝ այդ տեսակի և ժամանակակից մարդու միջև, դեռևս չեն հայտնաբերվել, և հավանական է, որ երբեք չեն հայտնաբերվի, սակայն հայտնաբերվել են կապերը նախնի ցեղերի՝ homo rabizus-ների հետ, որոնք հետագա զարգացման արդյունքում բաժանվել են մի քանի ճյուղերի՝ homo oligarchus, homo mentus և homo hambalus: Կան փաստեր, որ այդ տեսակները սերտ կապ ունեն կենդանական աշխարհի մի քանի տեսակների հետ և կարող են դասվել այդ տեսակների շարքում: Կենդանական նշվածտեսակներն են՝ սողունները, բորենիները, որոշ խոշոր կոտոշավորներ, մարդանմանկապիկները և թռչնային տեսակներից՝ անգղները, կաչաղակները: Ընդ որում, կա տեսակետ, համաձայն որի վերոհիշյալ տեսակը (homo oligarchus) առաջացել է վերը նշված կենդանիների ֆենոմենալ մերձեցման հետևանքով: Գիտնականներին այդ երևույթը երբևիցե չի հաջողվել բացատրել, և հավանական է, որ այն հանդիսանում է արևի բարձր ակտիվության հետևանքով կենդանիների հորմոնալ խանգարումների արդյունք:
Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ օլիգարխուսը էապես չի փոփոխվել և իր բազային հատկանիշներով առանձնակի զարգացում չի ապրել 5000 տարվա ընթացքում: Մեր օրերում այդ տեսակը դեռևս կրում է իր նախնիներին բնորոշ առանձնահատկությունները: Նկատենք, որ սա էվոլյուցիայի դարվինյան տեսության լույսի ներքո ուշագրավ բացառություն է:
Homo rabizus-ների (այսուհետ՝ HR) alfa որձերը զարգացման պրոցեսում ձևավորել են Homo oligarchus ենթասեսակը (այսուհետ՝ HO), որը հանդիսանում է դոմինանտ ցեղատեսակ: Ընդ որում, այս խաչասերումն, ըստ որոշ գիտնականների, տեղի է ունեցել շատ ավելի վաղ՝ դեռևս 1.5 մլն տարի առաջ՝ homo habilis տեսակի հետ։ Այդ խաչասերման արդյունքում ձևավորված HO-ը շատերի կողմից դիտարկվում է որպես homo habilis տեսակի մուտացված ճյուղավում։
Homos mentus-ը (այսուհետ՝ HM) և homos hambalus-ը (այսուհետ՝ HH) հանդիսանում են նշված տեսակի գոյատևումը ապահովող ենթատեսակներ, որոնք բնույթով մակաբույծ արարածներ են և իրենց գոյատևումն ապահովում են HO-ի կենսական, արտադրական և սնման ցիկլիկ գործընթացի արտանետումների և արտաթորանքի հաշվին: Դրա հետ մեկտեղ նրանց ողջ գոյության իմաստը HO-ի գոյատևման ապահովումն է, ինչով էլ ստեղծվում է բնական և բալանսավորված փակ շրջան, որտեղ մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի գոյությամբ, և հակառակը՝ մեկի բացակայությունը վտանգում է մյուսների գոյությունը:
Այժմ անդրադառնանք HO դեմոգրաֆիական տեղաշարժի հիմնական միտումներին՝ հորիզոնական և ուղղահայաց առանցքների դիտարկմամաբ՝ հիմք ընդունելով այդ տեսակի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:
Նախ խոսելով HO-ի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին՝ պետք է նշել, որ HO-ի գոյությունն ու ապրելակերպը հիմնականում պայմանավորված է ռեֆլեքսներով, ինչը սերտորեն շատ կապված է և համապատասխանաբար բնորոշում է այս տեսակի գանգուղեղի կառուցվածքը: Վերջինս homo sapiens-ի ուղեղից տարբերվում է ծավալով. HO-ի ուղեղը ծավալով homo sapiens-ի ուղեղի 1/10, իսկ մակերեսով՝ 1/100-րդ մասն է կազմում և բնորոշվում է հատույթային զուգահեռ ծալքերով, որոնցից յուրաքանչյուրը երկու կետում հատվում է մեկ օձաձև ծալքով (Տես նկար N1):
Ելնելով ուղեղի նշված առանձնահատկությունից, HO ուղեղի սնուցումը կատարվում է հնարավորինս քիչ թթվածնով, ընդ որում սա ոչ թե առանձնահատկություն է այլ բնական պահանջ, քանի որ թթվածնի բարձր պարունակությունը վտանգում է HO ուղեղի բնականոն աշխատանքը և ի վերջո սպառնում տեսակի ֆիզիկական գոյությանը: Ըստ գիտական տարածված կանխավարկածի այդ վտանգը կարող է հանգեցնել մի գործընթացի, որի արդյունքում HO տեսակը վերջնականապես կվերանա՝ իր տեղը զիջելով հomo sapiens-ին:
Այդ իսկ պատճառով HO բնակության միջավայր է ընտրում թթվածնի հնարավորինս ցածր պարունակությամբ բնորոշվող գոտիները: Նման գոտիների բացակայության պարագայում HO կենսագործունեությունը միտված է լինում համապատասխան թթվածնազուրկ տարածքների ստեղծմանը: Սրանով է պայմանավորված HO-ի կենսագործունեության ընթացքում դեմոգրաֆիական հորիզոնական առանցքում գյուղական և անտառաշատ տարածքներից դեպի քաղաքային փոքր, կառուցապատված կենտրոններ տեղափոխվելը: Ուղղահայաց առանցքի դիտարկմամբ կարելի է նկատել, որ թթվածնի պակասի նախընտրության նույն հատկանիշը պայմանավորում է HO-ի ձգտումը դեպի վեր, ինչը սովորաբար արտհայտվում է բարձրահարկ, երկնաքեր շենքերի կառուցման ակտիվ գործունեությամբ, քանի որ որքան ավելի բարձր է բնակության վայրը, այնքան ավելի քիչ է թթվածինը:
Նույն հատկանիշը արտահայտվում է նաև կանաչ տարածքների ոչնչացման դոմինանտ ձգտումով, քանի որ, ինչպես նշվեց, թթվածինը վերջին հաշվով վտանգում է HO տեսակի գոյությունը: Նշված միտումները կարելի է պատկերել հետևյալ գրաֆիկով (Նկար N2)
Homo oligarchus-ի, ինչպես նաև նրա կեցության աջակից ցեղատեսակների՝ homo mentus-ի և homo hambalus-ի գենային առանձնահատկություններում առայսօր հավասարապես արտահայտված է և ժառանգականորեն փոխանցվում է նշվածների նախատիպ հանդիսացող homo rabizus-ի դոմինանտ գենը, որն իր դրսևորումն է գտնում HO, HM և HH տեսակների ամենօրյա վարքի, կենսակերպի և ռեֆլեկսիվ նախասիրությունների մեջ:

Նկար 2



