Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որը բավականին խոսուն փաստեր է ներկայացնում ադրբեջանական կլանային համակարգի մասին, և համակարգված ապացուցում, թե իրականում մարդկային ինչ տեսակի հետ է բանակցում ՀՀ ղեկավարությունն արդեն 20 տարուց ավելի:
Խոսքը 1997թ. օգոստոսի 1-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցած մի հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Բիլ Քլինթոնի և Հեյդար Ալիևի միջև: Երկխոսության ժամանակ կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին և Լիսաբոնյան պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
Հեյդարն իր խոսքում ԱՄՆ-ի նախագահի հասցեին հնչեցրած «шоплик»-ական երկարաշուչ տեքստից հետո նշել է. «Ձեր վերընտրվելը մեծ հաջողություն է: Մենք ակնկալում ենք որ Դուք նոր քայլեր կձեռնարկեք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների խորացման համար: Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Այդ մենք ենք ցանկացել, որպեսզի ԱՄՆ-ն դառնա Մինսկի խմբի համանախագահ: Մենք շատ ջանք ենք ներդրել դրա համար: Մենք ձեզ ավելի շատ ենք վստահում, քան որևէ մեկին և կարծում ենք՝ ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ, քան որևիցե մեկը: Ադրբեջանում նույնիսկ երեխաներն են հավատում նախագահ Քլինթոնին: Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն, չնայած Ռուսաստանի բարձրացրած աղմուկին՝ դուք արեցիք դա: Դա նշանակալի հաղթանակ էր, որ դուք ներկայացրիք հավասարակշռված բյուջե և հասաք ձեր նպատակին»:
Վերոնշյալ պատմական փաստաթղթից, որը քսան տարվա վաղեմություն ունի, կարող ենք փաստել մի կարևոր դետալ. ակնհայտ է, որ Ալիև Ավագն իր խոսքում հակառուսական դիրքորոշում ունեցող թեզեր է հնչեցնում` շողոքորթելով ու քծնելով Քլինթոնին, կամ այլ կերպ ասած՝ ուղղակի «քցում է» ռուսներին: Նշված տողերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանը ՌԴ-ն բացառապես դիտարկում է որպես մի մեծ զինապահեստ, որտեղից հարմար տարբերակով կարողանում է համալրել իր արսենալը և ցանկացած հնարավոր առիթի դեպքում կարող է թեքել իր քաղաքական կողմնորոշումը:
Հ.գ. Ակամայից հիշեցի նախորդ տարի ՌԴ վարչապետի Բաքու կատարած այցը, երբ նա սրտի թրթիռով ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում էր «ադրբեջանական դարավոր ազգի ու մշակույթի մասին»: