Այսօր Ազգային ժողովի շենք դանակով ներխուժած Վրեժ Վանիկի Գալստյանը նախկինում երկու անգամ դատված է եղել:

Aysor.am-ի տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: 2011թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 13:00-ի սահմաններում, նա և Սարավան համայնքի Սարալանջ գյուղի բնակիչներ Ռաֆիկ Հրաչյայի Մանուկյանը, Բագրատ Հրաչյայի Մանուկյանը, Վանիկ Հակոբջանի Գալստյանը, Հրաչյա Ռաֆիկի Մանուկյանը վերջինիս առանձնատան դիմաց` փողոցում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարակից բնակիչների անդորրն ու հանգիստը, նրանց նկատմամբ դրսևորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, տվել սեռական բնույթի լկտի հայհոյանքներ, այն է` շուրջ տասը րոպե տևողությամբ հարվածել ու հայհոյել են միմյանց` այդ կերպ բռնություն գործադրելով իրար նկատմամբ:

Մասնավորապես, Վրեժ Վանիկի Գալստյանը ծնվել է 07.04.1988թ. Մասիս քաղաքում, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուրի, չի աշխատում, զբաղվում է գյուղացիական տնտեսությամբ, նախկինում` 16.09.2004 թ. Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3(երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով, հաշվառված է ք.Մասիս Նոր-Թաղ 35/14 հասցեում, փաստացի բնակվում է Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի Սարալանջ գյուղում:

Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի Ճանաչել:

ՀՀ Արարատի և Վայոց Ջորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Վրեժ Վանիկի Գալստյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի /250000, երկու հարյուր հիսուն հազար դրամ/ չափով:

Նրանց վերաքննիչ բողոքը 2012 թ. մարտ ամսին կայացրած որոշման համաձայն, մերժվել է:

Վ. Գալստյանը նախկինում` 16.09.2004թ. Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել