-Սպինե՛րս, հայրենիքիս համար ստացած վերքերս համրեք:
Այսպես խոսելու ազատ մարդը ընդունակ չէ ստորության ու նվաստացումի: Նա, ով կռվում երբեք չի եղել, հաճախ մնում է անինքնաճանաչ և անճանաչ իր շրջապատի համար: Վտանգի մթնոլորտում է, առավելապես, մարդը դրսևորում իր ներքին ուժերը, հակումները, նկարագրի գծերը:
Առանց մարտնչումների՝ որքա՛ն հերոսներ ու որքան դասալիքներ անհայտ պիտի մնային զանգվածների մեջ: Մարտնչի՛ր, որ ճանաչե՛ս քեզ, և որ ճանաչե՛ն քեզ:
Վերջին հաշվով՝ կողմերի զոհապատրաստության չափն է որոշում այս կամ այն ճակատամարտի, ապա՝ ողջ պատերազմի ելքը:
Հաղթում եմ, նշանակում է՝ հակառակորդիս գերազանցում եմ զոհաբերության մեջ: Ահա՛ ռազմական դոկտրինայի այբն ու փիլիսոփայությունը: Հոգևոր շնագայլությու՛ն է հակառակորդի դիակի անարգումը: Դիրքեր կան - անառիկ կոչվող - որոնցից կախված է ոչ միայն օրվա, այլև հետագա կռիվների ելքը. դիրքեր, որոնց նշանակությունը ոչ միայն ռազմավարական է, այլև՝ ռազմագիտական: Նման դիրքերի շուրջը և նրանց համար, հանձին մարտիկների, էապես չափում են մահը և մահը. ուզում եմ ասել, թե այդտեղ մարտիկների մահապատրաստության աստիճանն է կանխորոշում կռվի ելքը: Եվ մահվան գնով էլ հաղթահարում է դիրքերի «անառիկությունը»:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպե՛ս, և ոչ այլ կերպ: Ըստ իր կարևորության՝ «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ կարևոր է նշանակալից ամեն ինչ: Եվ, եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը:
Ի զե՛ն:
Որքա՛ն թափ ու թև կա այդ սեղմ խոսքի մեջ: Քիչ լեզուների է տրված հայոց այդ մի զույգ բառերի արտահայտչական թափը: Դա մի հարուցիչ կանչ է, որի սրբազան իմաստին հնազանդվելով՝ քանի-քանի՛ անգամ հայոց բանակները, կատաղությամբ հարբած, շարժվել են դեպի Հայաստանի սահմանները և մահվան դեմ լեռնացել:
Դա մեր դասական ռազմավարների ոգու մոլեգնած փոթորիկն է, որի թափով տարված՝ հայ ռազմիկները կերթան փնտրելու մահը՝ նրան իրենց դրոշի առաջ ծնկի բերելու: Մի ահեղ ճիչ է դա - ճիչը հայ հողի, որից արթնանում է հայոց արդար ատելությունը և մահաբեր թշնամու դեմ զինվում: Մի ամպրո՛պ, մի շա՛նթ՝ երկնքից արձակված: Մահասաստ մի հրամա՛ն, որը հայ մարտիկին մոռացնել է տալիս կյանքն ու աշխարհը ողջ, և նրան համակում Հայաստանով ու հաղթանակի ծարավով:
-Ի զեն... Ես կուզեի այդ ռազմականչը շրթունքներիս մեռնել...
Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրությունից կամ փառասիրությունից դրդված, միայն նրանք են ավելացնում իրենց զենքի ու ցեղի փառքը: Հենց այնպես ծառայել, որովհետև պահանջում են, կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուի հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործերը:
Վա՜յ քեզ, բանակ, եթե նմաններով հարուստ են շարքերդ:
Ունեցի՛ր բոլոր մարտական առաքինությունները, բայց մի՛ մոռանար, որ առաջինը, առանց որին պատերազմների քմահաճ Աստվածը քեզ քիչ անգամ կժպտա, խիզախությունն է:
Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը:
Թեև արդիական զենքերը մաթեմատիկական զենքեր են, բայց և այնպես բանակների ճակատագիրը որոշողը այսօր էլ, վաղն էլ և հավիտենապես կմնա մարդկային ոգին: Դիպվածական կամ «գողացած» հաղթանակներից երբեք չեն շահել հայրենիքները:
Զինվորական երեք դոքտրիններից - նյութապաշտական, իմացապաշտական և պաշտական- վերջինը պետք է լինի մերը:
Առաջինի համար ամեն ինչ է թիվը, երկրորդի համար կռիվը շախմատային խաղ է, երրորդի համար դա հոգեկան ակտ է: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրանն են և վաղվա հաղթանակները: Ճակատամարտը ո՛չ մեռյալ թվերի բախում է, ո՛չ էլ շախմատախաղ է, այլ ամեն բանից առաջ՝ հոգեկան ակտ է: Ասել է՝ պարտությունը մարդկային ներելի սխալ չէ, այլ պատժելի հանցագործություն: Զինվորական բարոյականը չէ ասում՝ հաղթանակի՛ր բոլոր դեպքերում, դա ասում է՝ հաղթականորեն մեռնել գիտցիր բոլոր պայմաններում: Զենք, դիրք, քաղաքական վայրկյան - այդ բոլորը կնպաստեն քո հաղթանակին՝ կբավականացնի, որ դու մեռնելու կամք ունենաս, այսինքն՝ անձիցդ ավելի սիրես այն, որի համար կռվի ես դուրս եկել:
Հայաստա՛ն, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտեցավ և վաղը պիտի չուզենա մեռնել՝ հայ չէ,՛ քո զավակը չէ՛: Կեղծիքի ծնունդ են «խաղաղասեր» և «ռազմասեր» բառերը: Ամեն ժողովուրդ, որ գոհ է օրվա գոյավիճակից, դեմ է պատերազմին, և, ծպտումի օրենքով, իրենց անվանում է խաղաղասեր, իր թշնամիներին՝ խաղաղության խռովիչ:
Պատերազմող կողմերի հետապնդած նպատակներն են բնորոշում նրանց հաղթանակի վեհությունն ու արժեքը: Ճշմարիտ հաղթանակ չէ՛ թշնամուն նյութապես զինաթափելը, նրան որոշ ժամանակի համար, վերստին զենքի դիմելու հնարավորությունից զրկելը: Ի մի բան՝ ճշմարիտ է հաղթանակը, երբ դա շահեցնում է ո՛չ միայն հաղթանակի հայրենիքը, այլև անիրաված բոլոր հայրենիքները: Պատերազմող կողմերի հետապնդած նպատակներո՛վ է բնորոշվում նրանց հաղթանակի բարոյական մեծությունն ու արժեքը: Հաղթում են նրանք, որոնք իրենց կամքը դնում են ի սպաս մի գերագույն, մի սրբազան կամքի: Ապագան ու հաղթանակը պատկանում են ոչ թե զանգվածին, այլ՝ ոգուն: Հաղթանակը ո՛չ զենքերի մեջ է, ո՛չ ոտքերի, ո՛չ էլ շարժիչների, այլ՝ այդ վերջինները շարժող ոգու:
Ռազմավարություն ասելով՝ ավելի կռվեցնելո՛ւ, քան կռվելու արվեստ պիտի հասկանալ: Կռվեցնե՛լ կարողանալ. ահա՛ հաջողության գաղտնիքներից մեկը:
Ընդունելով, որ պատերազմը մի մշտական չարիք է, որ եղել է, կա և պիտի մնա, և որ գուցե դարերն ու մարդկային բարոյական մշակույթը կարողանան մեղմացնել նրա բնույթը միայն, փոխել նրա ձևերը, բայց վերացնել՝ երբե՛ք, կուզեի, որ մեր ժողովուրդը ևս, որն արևի տակ իր անկախ անկյունն ունենալու ձգտումն ունի, պարտադրորեն յուրացնի կռվի բարդ արվեստը, որ եղել է և կմնա մանավանդ մեզ նման փոքր ազգերի ինքնապաշտպանության միակ միջոցը:
Պատերազմող մի ժողովուրդ, ամեն կռվող կողմ կամ բանակ այնքան է համառ ու տոկուն, որքան խոր: Նա գիտակցում է արժեքն այն դատի, իրավունքի, երկրամասի, հանուն որի մղվում է կռիվը:
Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսված՝ նախ բարոյապե՛ս, նախ հոգիների՛ մեջ: Կռիվը միջոց է միայն՝ շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահության, մեր ներքին հաղթանակների: Վճռի՛ր հաղթել. թե ինչպե՞ս՝ թո՛ղ բախտիդ: Բոլոր հաղթողները՝ զորավար, թե զինվոր, ճակատագրապաշտ են եղել: Հաղթում է կույր, բայց հրաշագործ հավատը: Պիտի հաղթել, պիտի հաղթել գոյության իրավունքը չկորցնելու համար: Տեղի տալ նշանակում է և բարոյապես ոչնչանալ: Ուրեմն, միշտ առա՛ջ. վախկոտ փոքրոգությունը չի՛ փրկի քեզ: Եվ ո՛չ մի քայլ ետ: Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ:
Կռվի բախտը վճռում է թշնամի կողմերից մեկի բարոյական հավասարակշռության խախտումը, որին անմիջապես հետևում է խուճապը, իսկ այդ վերջինին՝ նյութական պարտությունը: Անհավասար կռիվը չէ, որ կործանում է այս կամ այն բանակը, այլ՝ խուճապը, որին մատնված կողմը առնվազն եռապատկում է իր կորուստը, երբեմն էլ՝ ոչնչացնում գլխովին: Սպանվածների, վիրավորների, գերվածների, ինչպես և պատերազմական ավարի քանակը եղել և շարունակում է մնալ ավարի պարտության երկրորդական ազդակը:
Էականը այն բարոյական ազդեցությունն է, որը ունենում է կռվող կողմերից մեկը մյուսի վրա: