Картинки по запросу Իրան–ԱդրբեջանԻրանը Երևանին, Թբիլիսիին, Բաքվին առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք։ Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Նման միջանցքի ստեղծմանը պետք է անպայման մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է իրանցի նախարարը Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո:
Իրանի այս դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է հավասարազոր հարաբերություններ պահպանել Ադրբեջանի ու ՀՀ-ի հետ` ունենալով Սև ծով դուրս գալու դիվերսիֆիկացված ուղղություններ` «Հյուսիս-Հարավով» Հայաստանի տարածքով, ինչպես նաև Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով ուղղությամբ` հարևան Ադրբեջանի տարածքով։
Սակայն Բաքուն մտահոգված է հայ-իրանական և հայ-վրացական տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր ծրագրերով, քանի որ դա չեզոքացնում է Բաքվի` ՀՀ-ը տարածաշրջանում մեկուսացնելու տնտեսական, քաղաքական էֆեկտը։

Թբիլիսիից ու Թեհրանից շարունակ հնչում են հայտարարություններ, որ նրանք հետաքրքրված են Պարսից ծոց-Սև ծով միջանցքին նոր շունչ հաղորդելու մեջ. Հայաստանն այս պարագայում դառնում է տարանցիկ միջանցք Իրանի ու Վրաստանի համար։
Ադրբեջանի` ՀՀ-ն տարածաշրջանում մեկուսացնելու պլանները ձախողվում են։ ՀՀ-ն Վրաստանի ու Իրանի հետ ունի քաղաքական բարձր մակարդակի համագործակցություն, ու կողմերը պատրաստ են ձեռնարկել եռակողմ տնտեսական, էներգետիկ և այլ նախագծեր։ ՀՀ-ն ուղղակի պետք է ավելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնի նույն «Հյուսիս-Հարավի» կյանքի կոչման, ինչպես նաև ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծի ազատ տնտեսական գոտիներում հարևան Վրաստանի ու Իրանի ներդրումները ներգրավելու համար։
Ինչ վերաբերվում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանը կարող է ավելի բարենպաստ պայմաններ տրամադրել իրանցի բեռնափոխադրողներին, ինչպես նաև արտոնյալ պայմաններ տրամադրել իրանական ապրանքներին, որոնք կտարանցվեն Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաև Վրաստանից դեպի Իրան-Պարսից ծոց` ադրբեջանական տարածքով։

Դա կարող է արվել հայ-իրանական տարանցման միջանցքն տնտեսական առումով ոչ շահավետ դարձնելու համար. իրանցի և վրացի բիզնեսմենները, հատկապես՝ փոխադրողները, կարող են հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանով տարանցումը կունենա լրացուցիչ ծախսեր` ենթակառուցվածքների որակի, «Հյուսիս-Հարավի» անավարտ լինելու և Սյունիքի ռելիեֆի պատճառով։
ՀՀ-ը նույնպես պետք է իրանական և վրացական փոխադրողների համար ստեղծի առավելագույն նպաստավոր պայմաններ` փոխադրման դյուրացման, ճանապարհների որակի բարձրացման համար` Ադրբեջանի հետ «տրանսպորտային» մրցակցությանը դիմակայելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել