Հայաստանի տնտեսության իրավիճակի կանխատեսումները նկարագրում են այն իրական միջավայրը, որի պայմաններում գործելու է կառավարությունը: Մյուս կողմից կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ազդում է մակրոտնտեսական միջավայրի վրա, հետևաբար մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառավարության որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը որքանով է համահունչ տնտեսության այլ հատվածների զարգացման միտումներին:
Տնտեսական կանխատեսումների իրականացման երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ ազգային տնտեսության իրավիճակը մեծ ազդեցություն ունի կառավարության ֆինանսական ռեսուրսների վրա: Տնտեսական բարձր աճն ապահովում է գործարարների ավելի մեծ եկամուտներ, որոնք իրենց հերթին կառավարության համար ապահովում են ավելի մեծ հարկային եկամուտներ: Եվ հակառակը, տնտեսական աճի ցածր մակարդակը բերում է հարկերի ավելի ցածր մակարդակի և կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության և օժանդակության ավելի մեծ պահանջարկի: Մակրոտնտեսական կանխատեսումները նաև հիմք են հանդիսանում ապագայում բյուջեի վրա հնարավոր ծանրաբեռնվածության մեծացման հետ կապված ռիսկերի գնահատման համար:
Երկրում համախառն առաջարկն իրական արտահայտությամբ չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով: Դրա փոփոխությունը նախորդ տարվա համեմատ գնահատվում է ՀՆԱ-ի իրական աճի միջոցով: Ուստի այս բաժնում կներկայացվի տնտեսության հիմնական ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների փոփոխության դինամիկան վերջին տարիներին և ապագա ակնկալվող զարգացումները: