Երեկոյան ուտելը գիրացնո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյոք հնարավո՞ր է նիհարել, եթե չես ուտում երեկոյան 6-ից հետո: Դիետելոգների մոտեցումները այս հարցում փոքր-ինչ տարբեր են, սակայն հիմնականում բոլորը կարծում են, որ երեկոյան ընթրիքը անհրաժեշտ է: Ավելին, եթե երեկոյան չեք ընթրում, ապա հավանականությունը մեծ է, որ հաջորդ օրը նախաճաշին չափից շատ կուտեք, ինչն էլ իր հերթին կնպաստի գիրացմանը ու ավելորդ քաշին:
Բացի այդ՝ ըստ դիետոլոգների, երբ երեկոյան չեք ուտում, իսկ առավոտյան սովի պատճառով չափից շատ եք սնվում, խանգարվում է նյութափոխանակությունը, ամբողջ օրվա ընթացքում աղեստամոքսային տրակտը ծանրաբեռված է լինում:
Արդյոք պետք է ուտել քնելուց առաջ
Դիետոլոգները նշում են, որ քնելուց առաջ հարկավոր է սնվել, բայց սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ: Միաժամանակ ընթրիքն անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ օրը սովի զգացողությունը չստիպի ձեզ անընդհատ ուտել: Որոշ դիետոլոգների կարծիքով՝ երեկոյան 6-ից հետո ուտելը նույնիսկ անհրաժեշտություն է: Նրանց կարծիքով, երբ չեք ուտում օրգանիզմը ավելի քան 12 ժամ մնում է առանց սննդի, ինչը վնասակար է առողջությանը և կարող է հանգեցնել օրգանիզմի հյուծման:
Ինչ ուտել երեկոյան 6-ից հետո
Երեկոյան սնունդը պետք է թեթև լինի: Սննդամթերքում ցանկալի է, որ գերազանցեն սպիտակուցները, այլ ոչ ածխաջրերը: Սպիտակուցային սնունդը ուշ է մարսվում և սպիտակուցը դեռ երկար մնում է օրգանիզմում: Ահա այն ուտեստների ցանկը, որոնք կարող եք ձեզ թույլ տալ երեկոյան 6-ից հետո՝
Ոչ յուղոտ կաթնաշոռ
Ձուկ
Հավի կրծքամիս
Մածուն
Բանջարեղեն (լոլիկ, վարունգ, գազար, քաղցր պղպեղ)
Մրգեր (ցիտրուսային մրգեր, խնձոր, տանձ, խաղող, նուռ, բանան)
Սակայն անհրաժեշտ է հիշել, որ երեկոյան սնունդը պետք է չլինի տապակած, ինչպես նաև պետք է ամեն ինչ ուտել քիչ քանակությամբ: