Armtimes.com-ը գրում է.
 ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին:

- Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ:

- Դա ռեալ համեմատություն է: «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես: Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը: Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում: Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել: Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել: Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին:

- Ինչո՞ւ է զարմանալի:

- Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է՝ Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին: Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը:

- Եթե Ադրբեջանը ուզեր, չէի՞ն վաճառի:

- Չեն վաճառում:

- Սա փաստորեն չի եղել ապրիլյան պատերազմից առաջ: Եթե լիներ՝ ի՞նչ կարող էր փոխել:

- Դուք գիտեք, որ անօդաչու թռչող սարքերը շատ վնաս տվեցին: Առաջին հերթին Սիսիանից ունեցանք մեծ թվով զոհեր (7 հոգի): Այդ զենքը օգնում է հետախույզներին, օդից նայում է ու մեր հրետանուն տվյալներ է տալիս: Ապրիլին մեր տանկերի հետեւից խփեցին, չէ՞, կռվի դաշտում չխփեցին: Անօդաչուները բարձրանում են, նայում՝ որտեղ են մեր սարքերը, խոցում: Դրա համար մենք մեծ զոհեր ունեցանք ոչ թե մարտի դաշտում, այլ այնտեղ, որտեղ մեր սարքերը կանգնած են:

- Վերջին շրջանում քչացել են հրադադարի խախտումները, պատերազմի մասին ահագին ժամանակ է՝ չի խոսվում: Մեր առաջնագծում կատարվող այս փոփոխությունները, համալրումները որքանո՞վ կապ ունեն դրա հետ:

- Բացի «Վերբա»-ից մենք էլի շատ լավ զենքեր ենք ստացել, C4ISR ամերիկյան համակարգեր: Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, իր հետ ունի գիշերային տեսանելիության սարքեր: Ամերիկացիները ստեղծել են, տվել են մեզ: Դրանցով հնարավոր է լինում մեծ հեռավորության վրա հետեւել հակառակորդիկ զորքերի, տեխնիկայի տեղաշարժին: Այն հրամանատարներին օգնում է քարտեզի վրա տեսնել շարժի կոորդինատները: Այսինքն եթե առաջ մեր աչքերը ոնց որ մի քիչ փակ էին, ականջները մի քիչ խուլ էին, հիմա առաջին գծում ամեն ինչ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել