Armtimes.com-ը գրում է.
 Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը: 

Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ.

- Պարոն Աբրահամյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէի՞ք հրավիրել ձեր ծննդյան արարողությանը, թե՞ չէր կարողացել գալ:

- Ես չէի հրավիրել, որովհետեւ ինքը ծնունդների չի գնում: Վերջին 20 տարին ես նրան ճանաչում եմ, ծնունդների չի գնում, ինչ նախագահ է դարձել չի գնում:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված:

- Իրեն է պետք հարցնել: Բայց նա ինձ շնորհավորանք է ուղարկել, ես կարդացել եմ:

- Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մաղթանք-խորհրդին:

- Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ եւ կուղղեմ:

- Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞:

- Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի:

- Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել:

- Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ:

- ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է:

- Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են:

- Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք:

- Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն:

- Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար:

- Մի կերպ շփվելու համար:

- Ժիրինովսկու մաղթանքն էլ էր շատ հետաքրքիր. Ուրի՞շ ինչ հետաքրքիր շնորհավորանքներ եք ստացել:

- Չեմ հիշում: Այդքանը ո՞նց հիշեմ: Մեկն ասեց ռուսերեն սովորի, ես ասացի կսովորեմ, մյուսն էլ ասաց Ղարաբաղը մերը լինի՝ ես պիտի աշխատեմ այդ բոլոր ուղղություններով, բա ո՞նց: Ինչքան կստացվի՝ ժամանակը ցույց կտա:

- Նվերներին հասցրե՞լ եք ծանոթանալ: Ո՞րն է ձեզ համար ամենաառանձնահատուկ, թանկ նվերը:

- Նրանց ներկայությունն ու ուրախությունը, դա է ամենաթանկը, որ մարդիկ եկան, բոլորը ուրախացան եւ դրական մթնոլորտ ստեղծեցին: Հայաստանի, Ղարաբաղի նախագահի ներկայությունն էր շատ թանկ:

- Սերժ Սարգսյանի հետ քաղաքական թեմայով զրույց հասցրի՞ք ունենալ:

- Ինձ չի թվում, որ ծննդյան արարողությունը հարմար տեղ էր քաղաքական լուրջ թեմաներ քննարկելու համար:

- Իսկ հաջորդ օ՞րը:

- Հաջորդ օրն այսօր է, ես ձեզ հետ խոսում եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել