Այն փաստը, որ մեր արևելյան հարևանների ողջ քաղաքականությունը, ինչպես նաև տնտեսության հիմքը նավթն է, համապատասխանաբար դրանից բխող մնացած հետևանքներով, թերևս ապացուցման կարիք չունի, սակայն մի քանի դիտարկումներ այդ նավթային ակունքների մասին արժե հիշատակել:
Ադրբեջանի ազգային եկամուտների ավելի քան 85%-ը գոյանում է արտաքին առևտրից, որում հանածո վառելիքների (հում նավթ, բնական և հարակից գազ) մասնաբաժինն իր հերթին չի իջել 80% ցուցանիշից: Սկսած 2008-ից՝ այն կազմել է մոտ 95%: Ադրբեջանում արդյունահանված ողջ հում նավթի մոտ 90%-ը գոյանում է Կասպից ծովի միայն մեկ նավթադաշտից՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտից:
Ըստ էության՝ մերօրյա Ադրբեջանն իր տնտեսական համակարգով Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Սանգաչալի տերմինալի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կցորդն է: Եվ ինչպես Վրաստանը ժամանակին անվանվում էր «Վրաստանի խողովակաշարային հանրապետություն», այնպես էլ մերօրյա Ադրբեջանը կարող է անվանվել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի Հանրապետություն»: Հատկանշական է, թե ինչ հետևողականությամբ է փորձում ստվերել Ադրբեջանն այս պարզ իրողությունը: Խոսուն է Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) պաշտոնական հաշվետվությունների օրինակը:
Մեր հարևանների տնտեսական համակարգը բոլոր մոնոտնտեսություններին բնորոշ մասնակի և կարճաժամկետ առավելությունները համադրում է երկարաժամկետ ու համակարգային վտանգների հետ: Առավելություններն ակնհայտ են: Ածխաջրածինների շոշափելի պաշարների ինտենսիվ արդյունահանումն ապահովում է էական նյութական բարիքների արագ կուտակում: Ալիևի քաղաքական կոշտ համակարգի պայմաններում սա հնարավորություն է ընձեռում համեմատաբար ճկուն և զանգվածային կերպով ուղղել այդ բարիքը և՛ անձնական շահերին, և՛ քաղաքական ու ռազմավարական այս կամ այն խնդրի լուծմանը` համահունչ օրվա իշխանությունների պատկերացումներին և սեփական շահերը երկրի շահերի հետ համադրելու նրանց ունակությանը:
Խոցված իր իսկ սանձազերծած Արցախյան պատերազմում կրած ռազմական պարտությունից՝ իշխանությունները երկրի ածխաջրածինների պաշարներն ընկալեցին որպես ռևանշի միջոց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ: Ավելին՝ այս ընկալումը դյուրինացրեց 1990-ականների սկզբին Հ.Ալիևի կողմից իշխանության զավթումը: Հանրության աչքում նա ներկայացավ իբրև «փրկիչ», որն ազգի ցավերն ամոքելու, հայերից վրեժխնդիր լինելու և ազգի բարեկեցությունն ու երկրի զարգացումն ապահովելու ծրագիր ունի: Այս ծրագիրը՝ այսպես կոչված «Ալիևի դոկտրինը», Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգի հենքն ու ձևագոյացնող կաղապարն է: Դոկտրինի ձևավորման սկիզբը հանդիսացավ այդ ժամանակ դեռ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական ճակատի որոշ լիդերների, թուրք և մի շարք այլ ստրատեգների միջև 20-րդ դարի 80-ական թթ. վերջին հաստատված համագործակցությունը, որը շոշափելիորեն սնվում էր պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսություններից:
Դոկտրինի տնտեսական բաղադրիչն ուրվագծվեց երկրի ածխաջրածինների պաշարների յուրացման ուղղությամբ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից 1991թ. հրավիրված շոտլանդական Ռամկո Էներջի և Ջեյ-Փի Քեննի ընկերությունների մշակումներում: Բայց այն «միս ու արյուն» ստացավ միայն այն բանից հետո, երբ, ոտնահարելով Կասպից ծովի այլ երկրների շահերը, ԱՄՆ-ը, մասնակիորեն՝ նաև ՌԴ-ն, Ազերի-Չիրագ-Գյունեշլի «հանձնեցին» Ադրբեջանին: 1994թ. մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը, իսկ 1994թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը և աշխարհի 7 երկրների 12 նավթային ընկերությունների միջև ստորագրվեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի ափեզրյա նավթային դաշտի յուրացման ու շահագործման «դարի պայմանագիրը»: