Ապրիլի 24-ին Թաթան իր լսարանին կներկայացնի նոր «Երանի» կոչվող երգի տեսահոլովակը, պրեմիերան կլինի Արմենիա TV-ի եթերում։ Հայի երազանքները ներկայացնող երգի տեսահոլովակը նկարահանել է «Արմենիա TV»–ն, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։
«Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ երգը շատ է տպավորել իրեն և «Արմենիա TV»-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանին։
«Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն մեզ ասաց, որ Թաթան երգ է գրել, ուզում է լսենք այդ գործը, սա ուրիշ երգ է։ Այդ «ուրիշ երգ» հասկացողությունը լրիվ արտացոլում էր մեր էմոցիաները երգը լսելիս։ Սա այն եզակի դեպքերից է, երբ երգում խոսվում է մեր բոլորի թաքուն երազանքների մասին` կապված մեր հայրենիքի հետ։ Գոնե գենետիկ մակարդակում մենք ունենք այդ երազանքները։ Թաթայի մոտ ուղղակի փայլուն է ստացվել մեր բոլորի փոքր պատկերացումները վերածել երաժշտության և խոսքերի»,– պատմեց պրն. Մխիթարյանը։
Պրոդյուսերը համոզմունք հայտնեց, որ երգը շատ է սիրվելու և կայծակնային արագությամբ տարածվելու։ «Յուրաքանչյուրը, ով լսի երգը, ցանկանալու է կիսվել դրանով։ Մեր դեպքում, համենայն դեպս, այդպես է եղել։ Այդ իսկ պատճառով, երբ լսեցինք երգը, եղավ առաջարկություն մասնակցություն ունենալ տեսահոլովակի պատրաստման հարցում։ Թաթայի այս երգը հաստատ սիրվելու և երգվելու է բոլոր հայերի կողմից։ Թե՛ ես, թե՛ Դավիթը համոզված ենք դրանում։ Մեր «հոտառությունը» մեզ չի դավաճանում։ Ամեն անգամ այս երգը լսելիս մարդիկ իրենց հոգու խորքում պահելու են մի երազանք, որը սերնդեսերունդ ունեցել ենք»,– նշեց նա։
Ամբողջական հոդվածն այստեղ



