Գիտեմ, որ նույնիսկ կարդալուց հետո լինելու են մարդիկ, ովքեր վիճելու են, և ես դրան դեմ չեմ: Բայց ուզում եմ իմ խոսքը լսելի դարձնել: Խոսք, որը գուցե հուզական կթվա, բայց անկեղծ է: Ասում են՝ Րաֆֆին պրոյեկտ է, ասում են՝ Րաֆֆին չգիտի, թե ինչ անի, ասում են նաև, որ Րաֆֆին թիմ չունի, թույլ է և պետական կառավարման փորձ չունի: Այս ամենի հետ կարելի է անվերջ վիճել: Բայց չցանկանալով բռնվել բանավեճի՝ ուզում եմ ասել իմ և համոզված եմ շատերի համար կարևոր մի քանի բան: Ես ուղղակի հավատում եմ այդ մարդուն, գիտեմ, որ նա սխալական է ինչ-որ տեղ, բայց տեսնում եմ, որ տարբեր է այսօրվաններից: Հարյուր հազարավոր մարդիկ նրա մեջ տեսել են վրեժխնդրության, հույսի աղբյուր, բարություն, իրենցից մեկը լինելու տեսակ: Րաֆֆու վրա կենտրոնացել է այնքան մարդկային էմոցիա, որ նախանձելի է: Րաֆֆին դարձել է ժողովրդի անհանդուրժողականության մի հավաքական արտահայտում: Ու հիմա ուզում եմ այդ բոլոր քննադատող լրագրողներին, քաղաքական գործիչներին, շեֆ տենչող հիվանդներին և խելացի դեմքով հիմարություններ ասողներին ասել՝ ձեզանից և ոչ մեկը միանշանակ լուծում առաջարկել չկարողացավ: Ձեզանից և ոչ մեկը չկարողացավ ու չի կարող անել այն, ինչ անում է Րաֆֆին, ձեզանից շատ-շատերը ժամանակին և այսօր չեն կարողացել խաչ քաշել նախագահի ուղարկած առաջարկին: Եվ ոմանք նույնիսկ հոգի կվաճառեին առաջարկ ստանալու համար: Պետք չէ փորձել կեղտոտել, վարկաբեկել կամ միավորներ հավաքել այդ մարդու վրա: Մարդու, ով չի կարող պատասխանել, մարդու, ով վերցրել է մուրճը և իրեն գամում է խաչին: Մարդու, ով ունի հավատ, ով ունի նպատակ և ունի մարդկանց սերը: Հավատացեք՝ մնացածն ուղղակի ձևականություններ են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=311348928992170&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել