Խնդրում եմ, տարածել...

Բաց նամակ Երևանի ավագանու թեկնածուներին

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Առաքելություն» կուսակցությունների և «Բարև, Երևան» դաշինքի հարգելի թեկնածուներ 

Մինչ ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում և հասարակական վայրերում չեն պահպանվում այն շինարարական նորմերը, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր են ապահովում: Եվ այդ ամենն արվում է ի խախտումն ՀՀ օրենսդրության և ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների:

Հարգելի՛ թեկնածուներ, կոչ եմ անում ծրագրեր կազմելիս և Երևանի քաղաքապետ ընտրելիս առանձնակի ուշադրություն դարձնել այս խնդրին: Խոսքը փաստաթղթերում ընդհանուր ձևակերպումների կամ իրենց դարն ապրած մոտեցումների մասին չէ, ոչ էլ անհարկի շահարկումների, որոնց ականատեսն ենք դառնում ընտրությունից ընտրություն: Հավատացեք` այդ ամենը սովորել ենք հեշտությամբ տարբերել: 21-րդ դարի Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդուն մատչելի միջավայր ապահովելու համար հստակ, որոշակի և չափելի գործողություններ են անհրաժեշտ, պատասխանատու և բարեխիղճ քաղաքապետ` անկախ այն բանից, թե որ կուսակցության անդամ է: 

Համոզված եմ, որ մեր քաղաքը բոլորինը դարձնելու գործում ձեզ կօգնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլ նաև իրենց քաղաքը սիրող ինձ նման բնակիչները: Ես մեկն եմ այն հազարավոր քաղաքացիներից, ովքեր արհեստական խոչընդոտների պատճառով իրենց օտար են զգում մայրաքաղաքում. Երևանը իմը չէ: 

Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ:

Հարգանքով`
Երևանի բնակիչ` Զարուհի Բաթոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել