ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել:

 ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները:

Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները, և մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել:

Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ:

Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել