Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ:
Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն համարյա մեկ դար, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն երկրի անկախության և արժանապատվության, հանուն օրենքի և օրինականության, ժողովրդի անվտանգության ու բարօրության, մարդու իրավունքների և ազատությունների:
Այդպես է եղել մեր ժողովրդի առնվազն վերջին հարյուրամյակի բոլոր լուսավոր ու դառը ժամանակներում, այդպես է այսօր, երբ մի նոր ընթացքով հաստատում ենք մեր անբացակայությունը մարդկության պատմության ընթացքից: Եվ բոլոր այդ ժամանակներում ոստիկանությունը ոչ միայն պետականության հիմնասյուներից մեկն է, այլև օրենքին ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ:
Անքննելի է այս առաքելությունը, որովհետև ոստիկանի մասնագիտությունը արդարությունը վկայելն է, և ոստիկանի մեջ են երկխոսում իրավապահն ու քաղաքացին: Ուրեմն ոստիկանությունը պետք է ոչ միայն համաքայլ լինի հանրային զարգացումներին, այլև՝ մի քայլ էլ առաջ, միշտ ապագային միտված: Այստեղից էլ՝ մեր համակարգի մշտական ինքնակատարելագործման, նորացման ու արդիականացման հրամայականը: Այստեղից էլ՝ արմատական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքներն ակնհայտ են:
Վերջին տարիներին ոստիկանությունը քանիցս առերեսվեց բարդագույն իրավիճակների: Ունեցանք ծանր կորուստներ, անդառնալի զոհեր, բայց պատվով ու ամրացած ելանք այդ վիճակներից: Հանցավորության նորագույն մարտահրավերների դիմակայեցինք և հաղթահարեցինք առավել պրոֆեսիոնալ ու արդյունավետ: Սկզբունքորեն փոխվեցին հասարակություն-ոստիկանություն հարաբերությունները, և այսօր ունենք հանրային վստահության ու աջակցության աննախադեպ մակարդակ:
Կունենայի՞նք այս ամենը, եթե հետևողական ու անշեղ չլինեինք ոստիկանությունը բարեփոխելու սկզբունքային ընթացքի մեջ:
Ո՛չ, չէինք ունենա:
Բավարարվա՞ծ ենք արդյունքներով:
Ո՛չ, բավարարված չենք: Դեռևս կան սխալներ, թերություններ, թերացումներ, հնին դառնալու միտումներ, որոնք պիտի շտկվեն ու հաղթահարվեն:
Բավարարված չենք, որովհետև բարեփոխումը հարատև է, և վայրկյան իսկ կանգ առնելը նահանջ կնշանակի: Իսկ մենք նահանջելու իրավունք չունենք և չենք նահանջելու:
Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ առաքելություն, ժողովրդի հավատն ու օրենքի վստահությունն արդարացնելու գերագո՛ւյն առաքելություն, և մենք՝ շարքայինից գեներալ, հավատարիմ ենք մեր մեկընդմիշտ երդմանը, որ գործ ենք դարձնում ամեն օր:
Բոլորո՛վ, միասի՛ն, միակա՛մ:
Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Ոստիկանության օրվա առթիվ:
Շնորհակալ եմ մեր մեծ գործը պրոֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար:
Շնորհակալ եմ ոստիկանական ընտանիքներին՝ մեզ ամուր թիկունք լինելու համար, ծնողներին՝ այսպիսի զավակներ դաստիարակելու համար:
Խոնարհվում եմ՝ մեր զոհված ծառայակիցների լուսավոր հիշատակի առաջ:
Եվ խոնարհումս նրանց հարազատներին, որ կենդանի են պահում մեր հերոսների անունը, գործը, հիշողությունը:
Շնորհավորում եմ մեր վետերաններին և մաղթում տևական ու իմաստուն ընթացք մեր շարքերում:
Շնորհավորում եմ մեր երիտասարդ գործընկերներին, որ գալիս ու գալու են արդարությանը ծառայելու:
Թող տրվի բոլորիս ուժ, կամք, զորություն՝ մեր մարդակենտրոն ու մարդասիրական առաքելությունն իրագործելու ճանապարհին:
Աստված մեզ պահապան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



