Newmag.am-ը գրում է.
Ռուսերենի տարածման արեալը Վրաստանում վերջին 20 տարիների ընթացքում տարեցտարի նեղանում է: Այսօր ռուսաց լեզվի իմացությունը կարիերային աճի համար պարտադիր պայման չէ: Դրան գումարվում է երկու երկրների միջև հարաբերությունների քաղաքական լարվածությունը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական կապերի խզումը:
Հնարավոր է, որ վերջին տարիներին Ռուսաստանից եկող զբոսաշրջային հոսքը Վրաստանին վերադարձնի ռուսաց լեզվի հանդեպ նախկին հետաքրքրությունը, սակայն առաջին օտար լեզվի կարգավիճակը ռուսաց լեզուն հավանաբար էլ չի կարող վերականգնել:

***
«Ամիրիանի» կինոթատրոնում ցուցադրվում է Ջոան Ռոուլինգի սցենարով նկարահանած «Ֆանտաստիկ արարածները» ֆիլմը:
13-ամյա Աննան ու նրա համադասարանցի Մարիամը, մեծ քանակությամբ ադիբուդիով և կոկա-կոլայով զինված, զբաղեցնում են դահլիճի լավագույն տեղերը: Նրանք Ջոան Ռոուլինգի և Հարի Փոթերի երկրպագուներ են և վաղուց էին սպասում այդ ֆիլմին:
Ֆիլմը սկսվում է: Մոտ տասը րոպե անց աղջիկները վեր են կենում և զգուշությամբ, որ չսայթաքեն, լքում են մութ դահլիճը:
«Ֆիլմը ռուսերենով է: Գրեթե ոչինչ հասկանալի չէ», – ասում է Աննան: Թվում է՝ մի քիչ էլ, և լաց կլինի:
Աննան սովորում է Թբիլիսիի հանրակրթական դպրոցներից մեկի 8-րդ դասարանում: Նրա սիրած գիրքը Հարի Փոթերն է: Կախարդի մասին պատմությունների ողջ սերիան նա կարդացել է անգլերենով, որը միանգամից է ըմբռնում: Օտար լեզվի դասերն ամեն օր են: Բացի այդ, նա անգլերենի մասնավոր պարապմունքների է գնում: Այս տարի պատրաստվում է անգլերենի օլիմպիադային մասնակցել:
«Ուզո՞ւմ եք զվարճալի պատմություն լսել, – ծիծաղելով առաջարկում է Աննան, – երբ մայրս ու տատս իմ ներկայությամբ գաղտի խոսում են, սկսում են ռուսերեն խոսել, սակայն երբ ես ու մայրս ենք տատիցս ինչ-որ բան ուզում թաքցնել, անցնում ենք անգլերենի»:
Աննան դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության հարցում, սակայն երազում է Օքսֆորդի համալսարանում սովորելու մասին:
Աննայի ու Մարիամի ռուսաց լեզվի դասերը շաբաթն ընդամենը 2 անգամ են: «Ես ռուսաց լեզուն նույնպես սովորում եմ, սակայն այնքան էլ լավ չեմ տիրապետում, ռուսաց լեզուն միայն դպրոցում է պետք: Իսկ անգլերենով ֆիլմեր էլ եմ նայում, գրքեր եմ կարդում: Համացանցում էլ է ամեն ինչ անգլերենով»:
«Քիմիայի դասերի համար փորձերը Youtube-ում ենք փնտրում, և դրանք նույնպես անգլերենով են: Ծնողներս պահանջում են, որպեսզի ռուսերեն սովորեմ, և այնուամենայնիվ ինչ-որ բան սովորում եմ», – ասում է Աննան:
Աննան ու Մարիամը ծնվել են 2003թ-ին: Դա Վրաստանի համար զգալի փոփոխությունների տարի էր: Նոր իշխանությունները, որոնք եկան վարդերի հեղափոխությունից հետո, խիստ արևմտյան ուղղվածություն որդեգրեցին: Իսկ Ռուսաստանի հետ և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններն ավելի շատ փչացան: Այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարում էր, որ խորհրդային անցյալին հրաժեշտ տվող և եվրաինտեգրման պլաններ ունեցող երկրին իր առջև կանգնած գլոբալ մարտահրավերները լուծելու համար միջազգային լեզվի իմացություն է անհրաժեշտ իրեն աշխարհին արժանավայել ներկայացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



