Ընթերցվածք` Բ Օր. 11.10-25, Հոբ 21.1-34, Ես. 46.3-47.4
Այսօր Մեծ պահքի 40-րդ օրն է: Կարևոր մի շրջան էր այս ժամանակահատվածը, որը մեզանից շատերը կարողացան իմաստավորել իրական պահեցողությամբ, իրենց կերպարանափոխ խորհրդածություններով, անցանկալի ընթացքների և երևույթների սրբագրմամբ: Ոմանք էլ գուցե և չհաջողեցին ականջալուր լինել Աստծու կանչին: Թող Աստված ամենքիս զորացնի սրբության և կատարելության մեր ձգտումների մեջ:
Ահավասիկ մուտք ենք գործում Ավագ շաբաթ, որի ընթացքում ականջալուր կլինենք առատ ավետարանական ընթերցումների, որոնք վերաբերում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերին ու իրադարձություններին:
Սակայն, մինչ ոտք դնելը Քրիստոսի խաչի ճանապարհ և հոգով ու մտքով հանգրվան առ հանգրվան Տիրոջ հետ առաջանալը դեպի աշխարհը հեղափոխած Հրաշափառ Սբ Հարությունը, խորհրդածենք Երկրորդ Օրենքում Մովսեսին ասված տերունական զգուշացումների մասին: Թվում է՝ դրանք մեզ այսօր չեն վերաբերում, սակայն, իրականում պատմական արծարծումից զատ, կարևոր պատգամ են բոլոր ժամանակներում. «Զգո´ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց: Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որ Տերը տվել է ձեզ» (11.16-17): «Այս խոսքերը ի պա´հ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում: ...Դուք դրանք սովորեցրե´ք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցե´ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք գրեցե´ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան երկինքը կլինի երկրի վրա» (11.18-21):
Հետևապես, լինենք պատասխանատու մեր անձի, մեր արարքների համար: Եվ ամփոփելով Մեծ պահքի այս 40-օրյա շրջանը, ունկնդիր լինելով Աստծու հորդորներին և երկյուղածությամբ հետևելով Նրա պատվիրաններին` ճանաչենք և սիրենք ճշմարիտ մեր Տեր Աստծուն, ընթանանք Նրա ճանապարհով և մեր կյանքը կլինի ապահով և առատ օրհնությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/507098079353476?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել