Պատմությունը ցույց է տալիս, որ այն բոլոր գաղափարախոսությունները, որոնք իրենց բնույթով ապազգային են, ի սկզբանե դատապարտված են: Շատ ավելի հզոր և ստեղծարար է ազգային արժեքների ամրապնդման և, որպես ազգային ինքնորոշման բարձրագույն գոյաձև՝ պետության ստեղծման գաղափարը: Մեր պատմությունը ևս ապացուցեց, որ ազգային ինքնորոշման ձգտումը ավելի հզոր ուժ է, քան ցանկացած վերազգային կամ դասակարգային գաղափարախոսություն:
Անդրադառնալով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը՝ կարելի է հստակ տարանջատել զարգացման երեք հիմնական փուլ:
1991–1995թթ. կարելի է անվանել անկախության իրողության գիտակցման և ինքնիշխանության ամրապնդման ժամանակաշրջան: Այս փուլում իշխանության և ժողովրդի շահերը համընկնում էին: Ինչպես և անկախության ուղին բռնած բոլոր պետություններում, այդ ժամանակահատվածը ՀՀ-ում կարելի է համարել առանց քաղաքական ցնցումների, համընթաց զարգացման ժամանակահատված: Դա պետության ձևավորման սահմանակարգային հիմքերի ստեղծման ժամանակաշրջան էր:
1996–1997թթ. հիմնականում բնութագրվում է լճացման երևույթներով: Որևէ նոր պետության համար այս փուլի բովանդակությունը պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, թե տվյալ ժողովուրդն իր ձևավորված սոցիալական փորձով որքան է պատրաստ ժողովրդավարական արժեքների ներդրմանը, մյուս կողմից՝ տվյալ պետության աշխարհաքաղաքական տարածքի բնական պաշարներով: Եթե երկիրը չունի ոչ բավարար սոցիալական փորձ, ոչ էլ զարգացումը խթանող բնական հարուստ պաշարներ, ապա այս փուլը, որպես կանոն, հղի է ծանր հետևանքներով: Երբ պետությունը ստիպված է հասարակությանը մղել դեպի լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ, և երբ տեղի է ունենում սեփականության ձևի վերափոխում, պետության և ժողովրդի համար մեծանում է զարգացման նախանշված ուղուց շրջվելու վտանգը: Ժողովրդի մեջ բնականորեն առաջանում են կասկածներ ընտրված ուղու ճշմարտացիության հարցում: Այստեղ անհրաժեշտ է դրսևորել բավարար կամք և ընդունել քաղաքական որոշում՝ շարունակել ընթանալ բարեփոխումների ուղով՝ միաժամանակ չանտեսելով սոցիալական գործոնը, այլապես այն դատապարտված է: Այդպես եղավ ՀՀ-ում, երբ բարեփոխումներ բառը հասարակական գիտակցության մեջ բացասական բովանդակություն ստացավ և անգամ փոխարինվեց «չարեփոխումներ» արտահայտությամբ: Սոցիալական հիմնահարցերը չդրվեցին հանրապետության մոդելի կառուցման հիմքում: Սա կարելի է համարել մեր պետության կերտողների ամենալուրջ բացթողումներից մեկը: Դրա հետևանքով պետության կառուցումը դարձավ մի խումբ մարդկանց գործը՝ առաջ բերելով հասարակության լայն շերտերի հակազդեցությունը: Արգելվեցին քաղաքական որոշ կուսակցություններ, փակվեցին թերթեր: Թույլ տրվեց ամենամեծ սխալը՝ խարխլվեցին այն արժեքները, որոնց ձևավորումը և ամրապնդումը ժողովրդի կողմից պատվիրված էր հենց պետությանը:
1998-ից սկսվում է երրորդ փուլը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, որի սոցիալական պատվերը նույնն էր՝ վերականգնել այն արժեքները, որոնք ի չիք էին դարձել սոցիալական գործոնի անտեսման պայմաններում: Ժողովրդավարական հանրապետության կարևորագույն դերը երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է մասնավոր սեփականության վրա հիմնված ազատական տնտեսության ամրապնդման միջոցով: Պետության հիմնական դերն այստեղ սեփականաշնորհման կազմակերպումն է և մասնավոր սեփականության արդյունավետ կառավարման իրական մեխանիզմների ձևավորումը, ինչը դեռևս չի ստեղծվել: ՀՀ-ում այսօր սեփականաշնորհված է պետական ունեցվածքի զգալի մասը: Մասնավոր հատվածը թողարկում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 75%-ը: Սակայն մասնավոր սեփականության կառավարման արդյունավետ մեխանիզմներ դեռևս ձևավորված չեն: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնավոր սեփականության կառավարման ձևավորված արդյունավետությունը զիջում է հանրային սեփականության կառավարման խորհրդային մոդելի արդյունավետությանը:
Այսօր քաղաքակրթությանը հայտնի պետական կազմակերպաիրավական մոդելներից ամենաարդյունավետը, թերևս, ժողովրդավարական հանրապետության արևմտյան մոդելն է: Վերջինս ներառում է այն բոլոր պահանջները, որ քաղաքացիական հասարակությունը ներկայացնում է պետությանը: Անցումային փուլում գտնվող այնպիսի երկրներում, ինչպիսին ՀՀ-ն է, առավել կարևորվում է պետության դերի վերաիմաստավորումը: