ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետը բավարար չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը՝ խոսելով ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարի մասին: Զլոբինն ասաց, որ իր կարծիքով՝ Թրամփը չի կարող ՌԴ հարաբերությունների լավացման ուղով գնալ, որովհետև դրան կողմնակից չէ նրա թիմն ու հանրությունը: Միաժամանակ, ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի փորձագետն ասաց, որ Ռուսաստանն էլ ոչինչ չի անում ԱՄՆ հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ն. Զլոբինի խոսքով՝ որոշ հարցերում Թրամփի նախագահությունը ՌԴ նկատմամբ ավելի վատ կլինի, քան Օբամայի ժամանակ:
- Երբ Դոնալդ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ, Ռուսաստանը հույսեր էր կապում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, բայց դրական տեղաշարժ կարծես թե չկա: Ինչո՞ւ:
- Ռուսաստանն այս հարցում համբերատար է, որովհետև հասկանում է, որ Թրամփը դժվարին իրավիճակում է: Նրա թիմը, հասարակությունը միաձայն հանդես են գալիս հակառուսական դիրքերից, ու Թրամփը չի ունենա հեղինակություն, եթե դեմ գնա հանրային կարծիքի ու իր թիմի դեմ: Նա ավելի շուտ «կկոտրի վիզը»: Հավանաբար, աստիճանաբար, որոշ ժամանակ անց, որոշակի հարցերի շուրջ հնարավոր կլինի երկխոսություն ծավալել, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի, Իրանի կամ այլ հարցերի շուրջ, որպեսզի կողմերի միջև ձևավորվի վստահություն: Կարծում եմ, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետը բավարար չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ես չեմ տեսնում ամերիկյան քաղաքական էլիտայի կողմից աջակցություն, որ Թրամփը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորի: Արդյո՞ք նա միայնակ կգնա դրան, դժվար է ասել:
- Նախընտրական շրջանում Թրամփը հանդես էր գալիս ուղերձներով, որ ընտրվելու դեպքում Մոսկվայի հետ հարաբերությունները կկարգավորվի: Սրանք միայն նախընտրական խոստումնե՞ր էին:
- Գիտեք, իրականում Ռուսաստանն էլ ոչինչ չի անում, որպեսզի ԱՄՆ հետ կարգավորի հարաբերությունները: Ավելին, Ռուսաստանը մերժել էր Թրամփի առաջին, «միամիտ» առաջարկները, որոնք միտված էին ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը: Բացի այդ, Թրամփը մեծ հանդիմանության, խոչընդոտի է բախվում սեփական երկրում, երբ խոսում է Ռուսաստանի մասին: Ամերիկյան հասարակության մեջ նեգատիվ տրամադրություններ կան Ռուսաստանի նկատմամբ, դա կապված էր առաջին հերթին այն պատմության հետ, թե ռուս հաքերները «օգնել» են, որ Թրամփը հաղթի, միջամտել են ընտրություններին: Այս պատմությունը, գիտեք, որ դեռևս շարունակվում է, աղմուկը սրա շուրջ բավական մեծ է: Պատմություններ եղան «դոպինգ»-ի հետ կապված, Ղրիմի, որոնց ԱՄՆ հասարակությունը հավատում է: Սրանք կարծրատիպեր են, որոնք նստած են ամերիկացիների մեջ, որոնց մարդիկ հավատում են:
- Որպես այդպիսին գլոբալ ծրագիր չկա: Հարկավոր է ռազմավարություն, որ բոլորը թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, ասեն wow, եկեք սա իրականացնենք:
- Ամեն դեպքում, եթե համեմատեք Թրամփի մոտեցումները ՌԴ հարցում, դրանք ավելի բարենպա՞ստ են Ռուսաստանի համար, քան Օբամայի նախագահության ժամանակ:
- Դեռևս վաղ է համեմատելը, վաղ է եզրակացություններ անելը: Կարծում եմ, որ որոշ հարցերում ավելի վատ կլինի, քան Օբամայի ժամանակ: Թրամփը, ի տարբերություն Օբամայի, մարդու իրավունքների պաշտպանության, գերակա ազատությունների և այլ արժեքների մեծ ջատագով չէ, նա հանդես է գալու էգոիստական, կտրուկ և բավական խիստ դիրքերից, ինչը վտանգավոր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/08/zlobin/2332143
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել