Տարբեր աղբյուրների կողմից հրապարակվող վիճակագրական տվյալների հետ մի քիչ «աշխատելու» արդյունքում հետաքրքիր իրողություններ կարելի է բացահայտել։
Ուղղակի մեր գործընկերները ժամանակ ու հավես չեն ունենում մի քիչ «կռվացնել» թվերը։
Հիմա տեսեք, մեր B4B PRO գործիքով 3 րոպե բզբզալով ինչ տիպի հետաքրքիր բաներ կարելի է ստանալ (պատրաստի ինֆոգրաֆիկայով)։
Նայեք, էստեղ ըստ եռամսյակների ներկայացված է բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց կողմից ԱՄՆ-ից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ԶՈՒՏ ներհոսքը՝ վերջին 10 տարվա կտրվածքով։
Զուտ՝ այսինքն՝ ԱՄՆ-ից ՀՀ ուղարկվող և ՀՀ-ից ԱՄՆ ուղարկվող գումարների տարբերությունը։
Գրաֆիկում երևում է, որ սկզբում՝ մինչև 2007 թվականի վերջը, զուտ ներհոսքը կայուն դրական է եղել։ Այսինքն՝ ԱՄՆ-ից միշտ ավելի շատ ուղարկվել է Հայաստան, քան ՀՀ-ից՝ ԱՄՆ։
Հաջորդ փուլում՝ 2008-ի սկզբից մինչև 2014 թվականի վերջը, էդ հոսքը փոփոխական է՝ մե՛կ դրական, մե՛կ բացասական։ Այսինքն՝ եղել են եռամսյակներ, որ Հայաստանից ԱՄՆ դրամական միջոցների հոսքն ավելի մեծ է եղել, քան այնտեղից ստացվողը։
2014 թվականի 4-րդ եռամսյակից մինչ օրս զուտ ներհոսքը կայուն դրական է։ Այսինքն՝ ավելի շատ ԱՄՆ-ից ստացվում է, քան ուղարկվում։
Պատճառների մեջ չեմ խորանում, ուղղակի էս գրաֆիկը համեմատեք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և 2014-ի վերջից Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացման հետ։
Հ.Գ. Ցանկության դեպքում սրանց հետ կարելի էր համադրել նաև ուրիշ ցուցանիշներ։ Ասենք՝ ՀՀ-ՌԴ միգրացիան կամ բանկերի կոմիսիոն վճարներից ստացվող եկամուտների փոփոխությունը։