«Փաստ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը երեկ երեկոյան դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի 2–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իրենց գրանցած ընտրախախտումները բավարար հիմք են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Երեկ ժամը 18–ին լրացավ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետը, և, փաստորեն, քաղաքական որևէ ուժ ընտրությունները անվավեր ճանաչելու դիմում չներկայացրեց. այդ առթիվ ԿԸՀ է դիմել միայն «Քաղաքացի դիտորդը»: Մեզ հետ զրույցում քաղաքական ուժերը հիմնականում ասացին, որ չեն վստահում բողոքարկման գործընթացին՝ հաշվի առնելով ԿԸՀ ու Սահմանադրական դատարան դիմումների նախորդ փորձի արդյունքը:

«Փաստն» արդեն տեղեկացրել է, որ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի առթիվ ևս որևէ քաղաքական ուժ ԿԸՀ չի դիմել: Վերահաշվարկի պահանջով ԿԸՀ է դիմել ընդամենը 4 թեկնածու, որոնցից մեկը՝ ՀՀԿ–ական: «Անկախ դիտորդ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իրենք չեն հասցրել դիմել վերահաշվարկի համար, քանի որ ԿԸՀ–ն, խախտելով ընտրողների իրավունքները, ուշ է կայքում հասանելի դարձրել ընտրողների ցուցակները:
«Անկախ դիտորդ» քաղաքացիական նախաձեռնությունը դիտարկած 200 տեղամասերից 52%–ում գրանցել է վերահսկվող քվեարկության դեպքեր, այսինքն՝ բացի ընտրողից, այլ անձ է նայել, թե քաղաքացին ում է քվեարկում, և սա չի վերաբերում սահմանված կարգով օգնողներին։

«Հսկայական խախտումներ են եղել: Օրինակ՝ 14/20 տեղամասում 104 անվավեր քվեաթերթիկ արհեստական վավեր են դարձրել, ակտիվ դրոշմանիշը կպցրել են հաշվարկի ժամանակ: Այժմ քննում ենք շրջաններից ընտրությանը մասնակցության դեպքերը: Հիմնականում քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումներ են եղել, բաց քվեարկության դեպքեր, երբ քվեախցիկում այլ անձ է եղել, որը օգնող չի եղել: Եթե համատարած խախտվել է քվեարկության գաղտնիությունը, իհարկե, դա բավարար հիմք է ընտրությունների արդյունքներն անբավարար ճանաչելու համար, որովհետև սահմանադրական պահանջ է քվեարկության գաղտնիությունը»,– ասաց Իոաննիսյանը: Ըստ «Անկախ դիտորդի» անդամի՝ նման քվեարկության դեպքերով աչքի են ընկել հատկապես Գեղարքունիքի հարավարևելյան և Տավուշի հյուսիսային տեղամասերը. «Նոյեմբերյանում կային տեղամասեր, որտեղ պարզապես տևական ժամանակ չէր հանդիպում գեթ մեկ ընտրող, որը կքվեարկեր ինքնուրույն։ 30% տեղամասերում մենք նկատել ենք բաց քվեարկության դեպքեր, երբ ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, իսկ 20% տեղամասերում եղել են վկայական չունեցող անձինք, որոնք իրենց զգացել են ավելի ինքնավստահ, քան, օրինակ, հանձնաժողովի նախագահը»։

Քվեարկության գաղտնիության խախտումների առթիվ դիտորդները հիմնականում գրառում են կատարել տեղամասի գրանցամատյաններում, սակայն մի շարք դեպքերում տեղամասային հանձնաժողովների մի շարք նախագահներ հրաժարվել են գրանցումներ կատարել: «Հանձնաժողովի նախագահները պարտավոր են քվեարկության ընթացքի հետ կապված դիտորդի տեսակետը գրառել գրանցամատյանում: Հաճախ չեն իրականացրել էդ պարտականությունը, ու բոլոր այն դեպքերում, երբ չեն իրականացրել այդ պարտականությունը, մենք դիմելու ենք այդ հանձնաժողովի նախագահներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Դեպքերն այս պահին մոտ 10–ն են, բայց ուսումնասիրությունների արդյունքում ավելանում են, այստեղ վերջնաժամկետի խնդիր չունենք»,– նշեց Իոաննիսյանը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հայտնաբերած խախտումների հիմնական մասը՝ 300 դեպքից ավելի, արվել է հանձնաժողովի նախագահների կամ անդամների կողմից, ընդ որում՝ 250–ի դեպքում ներգրավված են եղել հենց հանձնաժողովի նախագահները։ 200–ից ավելի դեպքերում ներգրավված են եղել ընտրողներ, 70–ի դեպքում՝ կողմնակի անձինք, 55 դեպք գրանցվել է վստահված անձերի մասնակցությամբ և 29–ը՝ դիտորդների։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ընտրությունների արդյունքը վիճարկելու է նաև Սահմանադրական դատարանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել