ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:
Այս լուրի ներքո խիստ ակտուալ եմ համարում «Հայկական ժամանակի» հաղորդած լուրը, որը կարծում եմ, որ պետք է անպայման քննվի իրավապահ մարմինների կողմից, քանզի թերթը գրել է, որ գործով առանցքային վկաներից մեկը՝ Կենտրոնի ավտոկայանատեղերից մեկի աշխատակից Հրանտ Միրիջանյանը խոստովանել է, որ ինքը զղջում է, որ տղաներին իր տված ցուցմունքի պատճառով ազատազրկման են դատապարտել։ Ընդ որում, թերթը նշում է, որ Միրիջանյանը հայտարարել է, որ իր ցուցմունքը կեղծ է եղել։
Հատկանշական է նաև, որ նույն այս վկան դեռ դատարանի դահլիճում է խոստովանել, որ ցուցմունքներ է տվել ոստիկանության ճնշման ներքո։ Սա, ի դեպ, բավարար հիմք է ոչ միայն գործը բողոքարկելու ու տղաներին արդարացնելու, կամ առնվազն պատիժը մեղմելու, այլև նոր քրեական գործ հարուցելու, ընդ որում, ոչ միայն Միրիջյանի (նա գոնե զղջացել է ու խոստովանել է դատարանի դահլիճում), այլ մեղադրվող ոստիկանների դեմ, և թող դատարանը որոշի՝ մեղավո՞ր են արդյոք նրանք։
Անկախ ամեն ինչից՝ բուն գործի մասով կարող եմ ասել, որ սա նման է «ձու գողացողի» մասին հայտնի ասացվածքին, որովհետև փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ոչ լուրջ զանցանքի մեղադրանքով մարդկանց տևական ազատազրկման են դատապարտում, իսկ լուրջ հանցանքներ գործողներին հաճախ սկի չեն էլ ձերբակալում, ինչը բնավ չի նպաստում դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտի ձևավորմանը։



