Ինչքա՜ն կյանք է եղել 88-ին մեր քաղաքացիների ու ազգակիցների սրտում, տեսլականում՝ Հայաստանի Հանրապետության կերտում, Արցախի ազատագրում, բանակի հիմնում, շուկայական հարաբերություններ, սեփականության իրավունք, համամարդկային արժեքների, ազատությունների հաստատում, մարդու իրավունքների լիակատար պաշտպանություն...
Երկու տասնամյակ է անցել, սակայն, կարծես թե, դեռ մեր ժողովրդի կատարած հնարքի տակ ենք մնացել։ Ունենք այդ ամենը, բայց կածես չկա, չի զգացվում, որ պետականություն կա, փիլիսոփայություն կա, սեր կա, գեղեցկություն կա...
Ցավով է պետք նշել, որ մեր պետությունում՝ մեր քաղաքացիների կենսական շահերի հանգրվանում, դեռ ապրող մարդկանց սրտերը մաքրված չեն, կամ օտարամոլությունն է գլուխ բարձրացրել դարերով մեզ ուղեկցող արատի պես։ Մենք մեզ չսիրող ազգի պես ենք դրսևորում ու չենք հարգում մեր ներաշխարհը, մեր կողքիններին, հարևաններին, ընկերներին ու այլ քաղաքացիների, ովքեր հավասարապես կիսում են ամենօրյա գոյատևման պայքարը։
Ցավն այն է, որ մեր պապերի ու ծնողների կողմից կառուցված, կազմավորված պետության սահմանների ներսում է ընթանում այդ պայքարը, միմյանց դեմ։ Պատճառները բազմապիսի են ու բազմաշերտ, որոնց համար մեղավորներ փնտրել պետք է և առաջին հերթին ամեն մեկն իր ներսում՝ յուրաքանչյուր ոք ինքն իմ մեջ թող գտնի իր սխալները, իր նախանձը, իր խանդը, իր ագահությունն ու զսպի դրանք, ավերի դրանք։ Իսկ երկրորդ հերթին՝ օտարի կողմից ենթարկվողների, խոնարհվողների, օտարացածի մեջ, բայց չդարձնելով բոլորին գործակալ։ Նրանց պարտավոր ենք ետ բերել կյանքի՝ ներել ու ապրեցնել մեր հետ։
Վերոշարադրյալը կապելով մեր իրականությանը՝ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մեր կողքին չկան այն անարատ ու պատկառելի մարդկանց պես անհատներ, ինչպիսիք էին Վազգեն Վեհափառը, Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Թումանյանը, Զորավար Անդրանիկը... Ոնց որ այս ներկայում խժռած լինենք նրանց, ոնց որ սրի քաշած լինենք... Բայց գուցե կան կամ կլինեն, գուցե բոլորս ենք այդպիսին, բայց վեր կենալ է պետք, արթնանալ, արթնացնել...
Ախր հալածանք է, երբ քաղաքացիները, մաս-մաս եղած, քայլում են առանց ելքի մութ սենյակում, առանց հարգանքի միմյանց հանդեպ կամ թշնամաբար, ու մեկը մյուսի վրայով մագլցելով՝ փորձում վեր բարձրանալ՝ չհավատալով իրենց արածի ողջամտությանն ու հեռանկարին, չգտած ճանապահը դեպի լույս, տրորելով ճշմարտությունը, այլ կյանքեր, բարձունքում հայտնվելու գայթակղությամբ։ Որ ի՞նչ... Չէ՞ որ կյանքն այլ ճանապարհներ էլ է տալիս նվաճելու ձեր դիրքը, դերը։ Ըստ իս, մեր հանրապետությունում այն մարդը կդառնա առաջնորդ ու լուսավոր կետ, ով հենց ինքը կգտնի լույսը՝ կձևակերպի սկզբից մինչև վերջ հիմնախնդիրները, կտա լուծումները, հեռվին կնայ հասկանալով, հաշվելով։
Պետք չի սպանել, գողանալ, կաշառել, հալածել, չարախնդալ, նախանձել, խանդել, սևացնել, բամբասել... Դրանք արդեն ապարդյուն ապրել ենք՝ անպտուղ զուգահեռվել են դրանք մեր անկախ Հայաստանին, ու արդյունքը եղել է այն, ինչ ունենք՝ բազմաթիվ անգամ ինքնիշխանության զիջում օտարին, քաղաքական սպանություններ, ընտրակեղծիքներ, մեծ արտագաղթեր, թալանված բյուջեներ...
Եվ ուրեմն վերկացի ժամն է։ Այն երազից կտրվելու ժամն է, որ իմաստով քաղցր է թվում, բայց տանջող է, որ անկողնին է գամում, որ հետ է քաշում ու գրկում, որից դուրս գալ է պետք։ Ուղղակի վեր կենալ է պետք, առանց վախի, սիրով առավոտը դիմավորելու, ժպիտով բարին մաղթելու, ժրաջան աշխատելու, սրբացնելու մեր ազատությունների բոլոր հրապարակները, փողոցները, տները ու հավատով, խանդավառությամբ շարունակելու կերտել մեր Հայաստանի Հանրապետությունը։
Հ.Գ. Մենք արժանի ենք ամենալավին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/narayvaz/posts/581500141861884
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել