Նախորդ տարի ապրիլի 5-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից պայթեցված փոխադրամիջոցում գտնված և փրկված ԵԿՄ Սիսիանի ջոկատի անդամ 54-ամյա Վարազդատ Սիմոնյանն արդեն կարողանում է թեթևակի շարժվել, խոսել, սակայն տեսողությունը չի վերականգնվում: Tert.am-ի հետ զրուցում նրա կինը՝ Խանում Ղուկասյանը, նշեց, որ ամուսինը միայն հեռվից կարողանում է առանձին դետալներ տեսնել և, դրանք ամբողջացնելով, որոշակի պատկեր ստանալ: Վարազդատ Սիմոնյանը վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում. սկզբում նրան փնտրել են մահացածների մեջ:
Կինը վերհիշում է՝ բժիշկներից ոչ ոք հույս չի տվել, որ ամուսինը ողջ կմնա, 5 օր անգիտակից է եղել:
«Հրաշք է, ուղեղը լրիվ իր գլխից անջատվել էր, ընկել էր, ուղղակի թաղանթը չէր պայթել, հողից վերցրել էին , լվացել, տեղադրել, գիտեին, թե կմահանա, բայց հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկների միջոցով, հրաշքով փրկվել է»,- պատմեց կինը:
Ազատամարտիկ Վարազդատ Սիմոնյանը պատմեց, որ լավ հիշում է «Ուրալ»-ի ռմբակոծման օրը:
«Բարդ իրավիճակ եղավ, նկատեցինք թռչող սարքը, զենքով կրակեցինք...երևի էդ ժամանակ խփեցին ու էլ չեմ հիշում»,-պատմեց նա՝ հավելով, որ լիահույս է՝ իր ընկերների մահը զուր չի եղել, ի վերջո խաղաղություն է լինելու:
Տիկին Խանումը շեշտեց, որ ամուսնուն գլխի շրջանում պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ, բայց արտերկրում, իսկ իրենք համապատասխան միջոցներ չունեն:
Տիկին Խանումի քույրը՝ Հեղինե Հովհաննիսյանը, նշեց, որ Սիմոնյանների ընտանիքը Երևանում վարձով է բնակվում, ֆինասական խնդիրներ ունեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



