Life.panorama.am-ը գրում է. ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սրճարան-ռեստորաններ բացելու գաղափարը շատերին է զայրացրել: Նախարարի նոր առաջարկը ոմանց համար անսպասելի է, ոմանց համար խիստ անընդունելի, իսկ ոմանք էլ փորձում են այս գաղափարի շահավետ կողմերը գտնել: Ամեն դեպքում՝ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ առաջարկին ու վստահ է՝ մեր երկրում սա կիրառելի չի լինի եւ աստիճանաբար օպերայի եւ բալետի շենքում գործող ռեստորաններում կհնչեն ռաբիզ ու կոմերցիոն երաժշտություն:
Թեմայի շրջանաում Life.panorama.am-ը խոսեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:
«Կարծում եմ, որ արտասահմանյան օրինակները, որոնք հաճախակի բերվում են այս օրերին, մեր իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում, որովհետեւ արտասահմանյան նման սրճարաններ եւ ռեստորաններ այցելում են մարդիկ, ովքեր նաեւ պատրաստ են 50-400 եվրո վճարել ներկայացում նայելու համար, եւ նման սրճարաններում էլ կարեղ են սրճել եւ ընթրել համաշխարհային աստղերի հետ: Մեր պարագայում սա մի փոքր ռոմանտիկայի դաշտից է: Հավանական է, որ օպերայի եւ բալետի շենքում բացվող այդ ռեստորանները շատ արագ կվերածվեն «Պատրոն դաշս կապել եմ» երաժշտությանը համապատասխան վայրերի եւ հարուստ կլինեն նման կատարումներով, քանի որ միշտ էլ հնչում է այն երաժշտությունը, որի համար պատվիրատուն վճարում է»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց, որ այս գաղափարը կարելի է մեկ այլ ուղղությամբ զարգացնել.
«Իրականում, կարծում եմ, այս գաղափարի արմատներն ուրիշ տեղից են գալիս: Կարծում եմ արմատները սկսվում են նրանից, որ կրճատվում են մշակութային օջախների ֆինանսավորումը, իսկ ՀՀ-ում չկա օրենք մեկենասության մասին: Արդյունքում փորձ է կատարվում կողմնակի եկամուտներ գտնել, որպեսզի մշակութային օջախները կարողանան գոյատեւել: Անձամբ ես առաջարկում եմ այս հարցը լուծել ոչ թե հենց օպերայի շենքում սրճարաններ կամ ռեստորաններ բացելով, այլ շենքի հարեւանությամբ գործող սրճարաններից, մանկական խաղահրապարակում գործող ժամանցի կենտրոններից, եւ վերջապես օպերայի շենքի տակ գործող ավտոկայանատեղիից, որոնք քաղաքապետարանի բյուջե գումարներ են վճարում, այդ գումարները համապատասխանաբար ուղղվեն դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բյուջե, եւ այդպիսով թատրոնի շատ ու շատ հարցեր լուծելի կդանան՝ առանց դիպչելու բուն շենքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/06/opera-babayan/598868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել