Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները: Այսպես է ասում Տեր Աստված ոսկորներիդ. ‘Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք: Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի. հետո շարժում եղավ. և ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոդերին: Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրա մաշկ էր ձգվում, բայց դրանց մեջ դեռ շունչ չկար: Նա ասաց ինձ. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»: Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը: Ու շունչ մտավ նրանց մեջ, և կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրա. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: Եվ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են: Դրանք ասում են. “Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք”: Ուստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. ‘Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը: Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ”», - ասում է Տեր Աստված:
(Եզեկիելի մարգարեություն 37:1-14)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: