ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցն ապշեցնում է վերջինիս՝ ժողովրդին կատարյալ ապուշի տեղ դնելու գերցանկությամբ։ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած «աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ գնամ ինչի՞ մասին բանակցեմ» հայտարարությանը (խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է) Սահակյանն ունի «սեփական» վերաբերմունքը։ Նա համամիտ է նախագահի հետ։ Ըստ նրա՝ «հասարակության միջից պետք է վերանա այն միֆը, թե իշխանությունները փորձում են սիրաշահել ընդդիմադիր կողմին»։
Ճորտի, ստրուկի հոգեբանություն։ Անպայման ընդունել երկրի նախագահի ասածը նույնիսկ այն պարագայում, երբ վերջինիս համար պետք է ամոթ լինի նման ձևով արտահայտվել նախագահի թեկնածուներից մեկի մասին։ Ի՞նչ է նշանակում «աշխարհի վրա դառնացած»։ Հայաստանը ե՞րբ աշխարհ դարձավ։ Միգուցե նախագահը կարծում է, որ ինքն ու մի քանի «բոսյակներ», մոծակի նման քաշելով (չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել) ժողովրդի արյունը, համաշխարհային մասշտաբների՞ են հասել։
Կամ «...սոված մարդու հետ ինչի՞ մասին բանակցեմ» արտահայտությունը։
Պարոն նախագահ, այն, որ Դուք ու կերած–խմած խմբակցության ղեկավար Սահակյանը սովածների հետ գործ չունեք և ձեզ համար ամոթ է նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, առանց Ձեր հայտարարության էլ ակնհայտ է։ Ընդամենը պետք է սթափ հայացքով նայել Հայաստանի բնակչության (խոսքս օլիգարխների ու նրանց բարեկամների մասին չէ) սոցիալ–տնտեսական իրավիճակին։
Եվ հարցը բնավ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի մեջ չէ։ Ես նրա՛ն չեմ պաշտպանում, նա ինքն իրեն առանց ի՛նձ էլ կպաշտպանի։
Ինձ համար ամոթ է, որ իմ երկրի նախագահն ու ԱԺ–ում մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարներից մեկը նման վերաբերմունք ունեն Հայաստանի քաղաքացու նկատմամբ։
Եթե նման ձևով արտահայտվեր որևէ մի դեմոկրատական ու զարգացած երկրի ղեկավար, նա հիմա արդեն ի լուր բոլորի ներողություն էր խնդրել։ Լավագույն դեպքում։ Բայց ոչ մեր անօրինական երկրում։
ՀՀԿ ցուցակում, այսինքն` ՀՀԿ խմբակցությունում օլիգարխ չկա, համարում է նախագահը։ «Օլիգարխիան համակարգ է, և այդ համակարգը մենք չունենք»։ Սա էլ Գալուստ Սահակյանի խոսքերը։
«... նրանք ամբողջ աշխարհում մարդիկ են, որոնք իշխանության դրսևորումների վրա մեծ ազդեցություն ունեն: Այդպիսի դաշտ Հայաստանում չկա: Կարող ենք առանձին մարդկանց ինչ-որ վերագրումներ կատարենք, բայց դա դաշտ չէ... օլիգարխները մեծահարուստներ են, մարդիկ են, որոնք անմիջապես ճնշումներ ունեն պետության վրա», - շարունակում է ՀՀԿ պաշտոնավորը։
Ազատ հանրագիտարան Վիքիպեդիան (նաև տասնյակ այլ կայքեր) բացատրում է. օլիգարխիան քաղաքական ռեժիմ է, որի ժամանակ իշխանությունը կենտրոնացված է փոքր խմբի ձեռքերում, ովքեր ծառայում են իրենց կամ խմբի, այլ ոչ թե ժողովրդի շահերին։
Դե հիմա ձեռքերդ դրեք Ավետարանի վրա ու Աստծո առաջ ձեր բոլոր սրբություններով երդվեք (եթե, իհարկե, դուք հավատում եք), որ Հայաստանում օլիգարխներ չկան, որ երկրի իշխանությունը մի քանի մականունավոր անձնավորությունների ձեռքում չէ, որ նրանք Հայաստանն իրար մեջ չեն բաժանել ու բորենու պես չեն լափում ամեն ինչ՝ պաշտոնական լծակներն օգտագործելով սեփական հարստությունն ամրապնդելու և ավելացնելու համար:
Եվ ու՞մ դեմքին է փորձում թոզ փչել Գալուստ Սահակյանը, երբ ասում է, թե «Կարող են բոլորը բիզնեսներ ունենալ, բայց... դրանք կառավարելու հնարավորություններն էլ չունեն... Թիմ ունեն, որոնք այդ խնդիրները լուծում են»։
Ո՞վ կհավատա, որ եթե չլինեին Դոդը, Լֆիկը, Մուկը, Նեմեցը, Ձվերի Խաչիկը և այլ «հրաշագործներ», նրանց բիզնեսն այդ աստիճան կծաղկեր։ Էս ո՞ր դարն է կամ թիվը, որ մարդկանց կարելի լինի բացահայտ հիմարի տեղ դնել։
Հետևելով Հայաստանում ծավալվող գործընթացներին, կարդալով ու դիտելով հայկական ԶԼՄ–ները, շփվելով հայրենակիցներիս հետ՝ ինձ մոտ առայժմ անպատասխան են մնում շատ հարցեր. մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս պատուհասը Հայաստանի համար, վերջապես ե՞րբ արդարություն կհաստատվի երկրում, ե՞րբ կընդհատվի արտագաղթը, մարդիկ ե՞րբ հանգիստ կշնչեն՝ ազատված սոցիալական խնդիրների ծանր բեռից, ե՞րբ իշխանություններն առանց մականունների կլինեն։
Չէ՞ որ Հայաստանը Սերժ Սարգսյանինը կամ Գալուստ Սահակյանինը չէ և ո՛չ էլ խաշ ու խորոված ուտող, ճարպակալած ուղեղներով օլիգարխներինը։
Հայաստանն իմ և իմ նման քաղաքացիներինն է։
Իսկ օլիգարխներ և օլիգարխիա, որքան էլ որ Գալուստ Սահակյանը պնդի, Հայաստանում կա։
Եվ հենց այդ օլիգարխիկ համակարգն է մեր երկրի պատուհասը։



