
1973 թվական. Երևանի «Սպարտակի», այնուհետև «Դինամոյի» իրավահաջորդը համարվող, իր զինանշանում հավերժության նշանը արծվի կրծքին դաջած «Արարատը» պիտի անմահանար հայկական սպորտի էջերին, այդ հավերժ անմահացումը կերտողները պիտի կոչվեին հերոսներ, պիտի լինեին հայկական ֆուտբոլի փառահեղ դրոշակակիրները…
ԽՍՀՄ տարածքում որոշակի համբավ ունեցող մի ակումբ, որը համաշխարհային ֆուտբոլին մի երկու անուն էր ասել ընդամենը, նվաճել էր արծաթե և բրոնզե մեդալներ ԽՍՀՄ առաջնությունում և հիմնականում զբաղեցնում էր միջակ դիրք Խորհրդային Միության ֆուտբոլում: Սակայն 1973-ի աշունը պիտի տարբերվեր մնացած բոլորից, պիտի հայոց եռագույնը ճախրեր բարձունքում, պիտի ամբողջ ԽՍՀՄ-ը հոտնկայս ծափահարեր ու զարմանքով հիանար հայ ֆուտբոլիստների խաղով: 1973-ի ԽՍՀՄ չեմպիոնությունն ու գավաթակրի պատվավոր կոչումները փայլեցին մեր ֆուտբոլիստների հաղթանակածարավ կրծքերին, իսկ հաջողությունից հետո «73» թիվը իր տեղը գտավ «Արարատ» անվան կողքին: Փառավոր և հեռավոր օրերից անցել է ուղիղ քառասուն տարի: Այդ հերոսները մեր կողքին են, ոմանք մարզադաշտից շատ հեռու չգնացին և անցան մարզչական աշխատանքի, ոմանք երկրից դուրս են աշխատում ֆուտբոլում…
Այս տարի երկակի հաղթանակների օրվա հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, հայկական փայլուն և աշխարհիմաց խորհրդանիշի՝ «Արարատ» ֆա-ի 78 ամյակն է, իսկ նոյեմբերին՝ «Արարատի» բարձունքի «Ոսկե» 40 ամյակը:
Ընկե՛րս, բարեկա՛մս, արի հերոսաբար վերաբերվենք մեր մեծերին, այո՛, նրանք իրոք ունեն բոլոր իրավունքները «մեծ» կոչվելու, նրանք կերտել են հաղթանակներ, «Հրազդան» մարզադաշտում ստիպել են խոնարհվել այնպիսի համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Գերդ Մյուլլերը, Ֆրանց Բեկենբաուերը, Կառլ Հայնց-Ռումենիկեն և այլք…
Ինչո՞ւ է հիմա այս ամենն անտեսված. խարխուլ «Հրազդանը» տխուր հայացքով հիշում է անցյալը, իսկ ես, հենվելով նրա պատմական քարերին, մեկ առ մեկ շշնջում եմ այդ գերմանացի լեգենդների անուններն ու հասկանում, թե ովքեր են ծնկի եկել այս մարզադաշտում, իսկ հարևանությամբ անտարբեր հայացքով զգեստների վաճառողը քթի տակ շշնջում է. «Մյուլլե՞ր, Բեկենբաուե՞ր… Ո՛չ, ես այդպիսի բրենդների ծանոթ չեմ...»:
Իսկ ես, թերթելով հաղթանակի էջերն ու նայելով այդ հերոսների աչքերին, ուղղակի մի բան եմ հասկանում. պիտի՛ ծնվեն նոր հերոսներ, պիտի՛ կերտվեն նոր հաղթանակներ, նո՛ր Սիմոնյաններ են ծնվելու, նոր Իշտոյաններ են հերոսանալու, նոր Անդրեասյաններ են փայլելու կանաչ խոտածածկին: Կեցցե՛ փառավոր «Արարատը», կեցցե՛ն մեր հերոսները, կեցցե՛ հանճարածին հայոց աշխարհը…