Քանի որ այսօրվա ԱԺ նիստում կառավարությանը հարց ուղղվելու համար գրանցվեցի, բայց հերթն ինձ, ցավոք, չհասավ, այն տեղադրում եմ ստորև.
Նախ ցանկանում եմ անդրադառնալ վարչապետի հովանու տակ գտնվող մի քանի կայքերի կողմից իրականացված, այսպես կոչված՝ հարձակմանը, որի միջոցով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են Աբովյան քաղաքում արտագաղթը խթանելու մեջ՝ մոռանալով, որ Աբովյանը Հայաստանի մի մասն է, իսկ Հայաստանում վարվող աղետալի սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն Դուք եք, պարոն վարչապետ:
Բոլորիս քաջ հայտնի է, որ ՀՀ կառավարությունը 2013թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսել է բազմաթիվ հարցումներ կազմակերպել, որոնց համար դուրս են գրված հսկայական գումարներ, որոնք, ի դեպ, բազմաթիվ դեպքերում տրամադրվում են առանց մրցույթների ու հստակ հասցեագրված: Այդ մասին բյուջեի քննարկման ժամանակ ես արդեն առիթ ունեցել եմ բարձրաձայնելու: Երեկ հայտարարությունների ժամին ես խոսեցի մեր հասարակությանը հուզող և մեր ազգային անվտանգությանը սպառնացող կարևորագույն հարցի՝ արտագաղթի խնդրի մասին: 
Հարցս ուղղում եմ ՀՀ վարչապետին:
Արդյո՞ք կառավարությունը ունի գոնե մոտավոր պատկերացում, թե այս ռեկորդային տեմպերով աճող արտագաղթի պայմաններում ինչպիսի՞ ժողովրդագրական վիճակ է սպասվում Հայաստանում 2017 թվականին, ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենալու մեր տնտեսության և բանակի վրա: Եվ ըստ Ձեզ՝ ո՞րն է արտագաղթի այն քանակական կրիտիկական շեմը, որից հետո Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը ստիպված կլինեք արձանագրել, որ արտագաղթը իրական սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել