Բարեկամներ, բոլորն էլ լավ գիտեն, որ մեր ժողովրդի մեծամասնության սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ, գործազրկությունը նկատելիորեն չի պակասում, աշխատավարձերը և մանավանդ թոշակները շատ հեռու են, այսպես կոչված նվազագույն զամբյուղից, շատ բարձր են կոմունալ վճարումները` գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները: Բնակչության մի զգալի զանգված դեռ տառապում է աղքատության ոսկրոտ ճանկերում, չի դադարում երիտասարդության արտահոսքը հանրապետությունից: Իշխանությունների վերջին տարիների որոշ դրական միջոցառումները թեև չնչին չափով թեթևացրել են վիճակը, բայց արմատական բարելավումներ չեն ստեղծել:
Այս է մեր հանրապետության ներկա իրական վիճակը: Բայց մեր ժողովուրդը դիմակայելով բոլոր դժվարություններին ապրում է, կապրի`փայփայելով բարեկեցիկ կյանքի հույսը: Այժմ հանրապետությունը նախապատրաստվում է Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությանը: Արդեն աստիճանաբար ուժեղանում են նախընտրական քարոզչության հորդազեղումները: Հրապարակվել են բազմաթիվ կուսակցությունների լիարժեք կամ կիսատ-պռատ, հասուն կամ կիսահում ծրագրերը, պատգամավորների թեկնածուների ցուցակները: Հասկանալի է, որ կյանքի պայմաններից դժգոհ ժողովորդը հաճախ խճճվում է քաղաքական այս խառնիճաղանչ ժխորի ու ալեկոծությունների մեջ և երբեմն, ինչպես ասում են, ձեռքը գցում է փրփուրներին:
Դիմելով իմ բարեկամ բլոգերներին և բոլոր ինձ ծանոթ ողջախոհ մտավորականներին, ուզում եմ խնդրել, որքան հնարավոր է ձգտել ճիշտ կողմնորոշելու ընտրողներին` ելնելով հետևյալ սկզբունքներից.
1. Ո՞ր կուսակցությունն ավելի շատ ուժ ու հնարավորություն ունի հանրապետության հետագա զարգացումն ապահովելու համար:
2. Ո՞ր կուսակցության կադրերն են ավելի խելացի, փորձառու, ազնիվ (եթե ոչ մեծամասնությունը, գոնե մի զգալի մասը): Ի՞նչ կրթություն են ստացել, ինչ ճանապարհ են անցել և ինչ հետք են թողել: Չմոռանալ, թե ո՞ր կուսակցությունն իր ծագումով ինչ նպատակ է հետապնդել, ում շահերին է ծառայել և կարո՞ղ է արդյոք հասարակ ժողովրդի շահերը իսկապես պաշտպանել
3. Հաշվի առնել նաև, թե իրականում ո՞ր կուսակցությունն իրական հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու համար:
4. Նկատի ունենալ նաև նախընտրած կուսակցության կամ մեծամասնական թեկնածուի գործնական ու ինտելեկտւալ կարողությունները և իրական հնարավորությունները հաջողության հասնելու համար: Եթե համոզված չես նրա հաջողության մեջ, ապա այդ ընտրւթյունը դատարկ կրակոց է:
5. Երբեք չմոռանալ այն հանրահայտ իմաստությունը, որ միայն կատարյալ հիմարը կարող է նույն տեղում երկու անգամ սայթաքել: Նկատի ունեմ ՀԱԿ-ը:
Ես գիտեմ, իմ այս խնդրանքը գուցե ոմանց դուր չգա, բայց դա իմ կարծիքն է: Բոլորովին նպատակ չունեմ կրքեր բորբոքել, պարզապես ուզում եմ, որ մենք ընտրենք գոնե համեմատաբար մի քիչ ավելի լավը: Դա է մեր այսօրվա իրականության պահանջը:
Նյութի աղբյուր՝ http://sos-movsisyan.livejournal.com/72316.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել