Hetq.am-ը գրում է.

Արարատի մարզի Մրգավան գյուղի 12/42 ընտրատեղամասի բակում մարդկանց կուտակումներ են։ Մոտ երկու ժամ է՝ տեղամասի տարածքում շրջում է նաեւ Մրգավանի գյուղապետ Սամվել Վարդանյանը։ Նա մեկ մտնում է տեղամաս, բջջայինից զանգեր կատարում, մեկ՝ տարածքում ինչ որ հարցեր կազմակերպում։

«Հետք»-ի հարցին, թե ինչ է անում ընտրատեղամասի տարածքում, Մրգավանի գյուղապետը պատասխանեց, որ սեղաններ է բերել տալիս, որպեսզի հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք հաց ուտեն։

«Հետք»-ի հարցին՝ իր հաշվի՞ն են սնվելու հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք, Սամվել Վարդանյանը պատասխանեց. «Հա բա ոնց։ Մեր գյուղն ա, մեր տունն ա։ Մարդկանց մի բանով չօգնե՞նք։ Էնա, սեղաններն էլ իմ մեքենայով եմ բերել»։ Դիտարկմանը, որ նա իրավունք չունի լինել տեղամասում, եթե չի ընտրում, գյուղապետը հակադարձեց. «Հիմա ընտրություն ա, էստեղ չլինե՞նք՝ տեսնենք ինչ ա կատարվում»։

Սամվել Վարդանյանը պնդում էր, որ իր ներկայությունը ընտրական պրոցեսի հետ կապ չունի, ինքը որեւէ կերպ չի փորձում ազդել մարդկանց կողմնորոշման վրա։  Հարցին՝ նա թեկնածուների մեջ իր ֆավորիտն ունի՞, հանրապետական Վարդանյանը պատասխանեց. «Հա, ունեմ։ Արայիկ Գրիգորյանն է։ Բայց էսօր քարոզչություն չեմ անում»։

Ի դեպ, 12/42 ընտրական տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը փորձել է քվեախցում օգնել ընտրողներից մեկին։ Ընտրական օրենսգրքով արգելված օգնությունը կանխվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձի միջամտելուց հետո։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց 12/42 տեղամասի հանձնաժողովի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել