Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ: Ընդամենը երկու օր անց Հայաստանը կանգնելու է կարևորագույն փուլի, կարևորագույն ընտրության առջև: Հայաստանի Հանրապետության բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, քաղաքական բոլոր ուժերն արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը, մատնանշել են Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները, ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ապագայի՝ իրենց լուծումների տարբերակները, մոտցումները, տեսակետները: Սրանք, ըստ էության, կազմում են այն հիմքը, որի վրա հիմնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կատարելու է իր ընտրությունը: Սա ընտրություն է ոչ միայն առաջիկա 5 տարիների, այլև առաջիկա 10-15 տարիների համար, միգուցե: Վստահ եմ, որ լսել եք ու տեղյակ եք բոլոր կուսակցությունների և դաշինքների անդամների ելույթները, ինքներդ Ձեր մեջ արդեն իսկ կողմնորոշվել եք, թե ինչպիսի Հայաստան եք ուզում Ձեզ, մեզ ու մեր երեխաների ապագայի համար (եթե դեռ չեք կողմնորոշվել, ապա քիչ ժամանակ ունեք): Հայաստանը փոքր երկիր է, ուստի բոլորս էլ քաջատեղյակ ենք բոլոր կուսակցություններին, նրանց անցած ճանապարհին, նրանց կատարած աշխատանքներին, նրանց կողմից Ազգային ժողովում ներկայացված պատգամավորների գործունեությանը, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ անձնապես, ի վերջո: Հիմա եկել է պահը՝ գնահատականը տալու, արվածն արժևորելու, մեր պատասխանը նրանց տալու, մեր շնորհակալությունը կամ դժգոհությունը հայտնելու: Ընտրություն կատարելուց առաջ, քվեախցիկ մտնելուց առաջ կամ հենց քվեախցիկում բանական մարդը, իրավագիտակից մարդը, իր սեփական ազատությունն ու արժանապատվությունն իմացող ու գնահատող մարդը, երկրի բարեկեցիկ ապագայով մտահոգ մարդը, սեփական ուղեղով ու խղճով առաջնորդվող մարդը քվեարկություն կատարելուց առաջ թեկուզ մեկ-երկու րոպեով պարտավոր է հետ նայել, վերհիշել, թե ով ինչ է արել, ով ինչպես է արել կամ ով ոչինչ չի արել հայ ժողովրդի համար: Եթե կարողանում ենք ճիշտ ընկալել իրականությունը, ճիշտ գնահատել անցյալը և լավ պատկերացնել ապագան, ապա կարողանում ենք կատարել ճիշտ ընտրություն հենց ինքներս մեզ համար: Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրի մեկ ձայնից շատ բան է կախված, մեզնից յուրաքանչյուրի ձայնը հսկայական նշանակություն ու արժեք ունի մեր Հայրենիքի համար, որքան էլ շատերը դա չեն գիտակցում և ընտրությանը մասնակցում են բնազդաբար: Ես չեմ, որ ներկայացնելու եմ Հայաստանի Հանրապետության ներկա վիճակը: Ես չեմ, որ ներկայացնելու եմ այն մթնոլորտը, որտեղ ապրում է հայ ազգը: Ես չեմ, որ ներկայացնելու եմ այն պատկերը, որը հիմա կա Հայաստանում: Բայց ես նույնպես պարտավոր եմ կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ կատարել խղճի թելադրանքով, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի ճնշման տակ, պարտադրված ընտրություն: Քվեախցում, ֆուտբոլային լեզվով ասած, դուք «մեն-մենակ եք հայտնվելու» քվեաթերթիկի հետ: «Խաղից դուրս» իրավիճակ չի լինելու, մրցակցի պաշտպաններն արդեն չեն հասցնելու խանգարել Ձեզ, իսկ Ձեզ մնալու է սառնասրտորեն «գրավել դարպասը»: Եթե կարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ուղարկեք «գնդակը», ապա կդառնաք վճռորոշ գոլի հեղինակ և հաղթանակ կբերեք Հայաստանի Հանրապետությանը: Իմ կյանքում առաջին դեպքն է, որ Ազգային ժողովի ընտրություններին չեմ կարողանալու մասնակցել և իմ մեկ ձայնն ուղղել այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքին, որին համակրում եմ, վստահում եմ, որի հետ կապում եմ մեր երկրի բարեկեցիկ ապագան: Ցավում եմ այդ փաստի համար և արդեն համապատասխան կայքում գրանցվելով՝ տեղեկացրել եմ իմ բացակայության մասին, որպեսզի ձայնս չգնա այն կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին, որի հետ Հայաստանի Հանրապետության ապագան չեմ կապում: Կարծում եմ՝ իմ բացակայությունը չի խանգարի, որպեսզի գոնե կոչով դիմեմ իմ համերկրացիներին: Ի վերջո, որտեղ էլ գտնվես, եթե ճիշտ հայ ես, ու Հայրենիքդ քեզ համար արժեք ունի, ապա դու ծայրաստիճան մտահոգ ես: Երկու օր անց կհանդարտվեն նախընտրական կրքերը, մի քանի օր անց հետընտրական կրքերի տեսքով վերադառնալու հնարավորությամբ, միգուցե: Հետընտրական անցանկալի կրքերի վերադարձը բացառելու համար, ուրեմն՝ կատարեք ճիշտ ընտրություն: Ես միշտ հարգել եմ այն մարդկանց, ովքեր ունեցել են քաղաքական հստակ դիրքորոշում, միշտ հավատարիմ են մնացել իրենց որդեգրած ուղուց և ծառայել են իրենց կուսակցությանը: Ես սրա մասին բազմիցս ասել եմ: Բայց չեմ կարող բանականության մեջ տեղավորել այն մարդկանց, ովքեր քաղաքական ուղղվածությունն ու կուսակցությունները փոխել ու փոխում են, ովքեր այս կամ այն կուսակցությանն են ծառայում պահի տակ ունեցած իրենց շահերից ելնելով: Սա նույնպես մեր ազգի թերացումն է, որը շարունակական է, ցավոք, և որը երբեք չի կարող հանգեցնել Հայրենիքի առջև ծառացած օրակարգային հարցերի ճշգրիտ և խելամիտ լուծմանը: Պետք է հստակ պատկերացնել ու հասկանալ, որ քաղաքական ուժը, կուսակցությունը, դիրքը, պաշտոնը, հարստությունն ու փողը մի գեղեցիկ օր կարող են հօդս ցնդել, բայց Հայրենիքդ երբեք չպետք է ստորադասես: Քաղաքական գործչի սուրբ պարտականությունն ու առաքելությունը սեփական ժողովրդին և Հայրենիքին անշահախնդիր և սրտացավությամբ ծառայելն է: Հակառակ դեպքում քաղաքական գործիչն անելիք չունի քաղաքականության մեջ: Քաղաքականությունը չպետք է դառնա հարստություն դիզելու կատարյալ միջոցը: Քաղաքականությունը չպետք է դառնա անպատժելիությունդ զգալու և ամրապնդելու միջոցը: Քաղաքականությունը չպետք է դառնա ժողովրդի վրա թքած ունենալու, ժողովրդի հոգսն ու ցավը անտեսելու պատճառը: Քաղաքականությունը պետք է ծառայի միայն ու միայն Հայրենիքիդ և ժողովրդիդ բարեկեցությանը: Եթե զգում ես, որ չես կարող ապահովել սրանք, ապա լավ կլինի ասպարեզը թողնել նրան, ով ունակ է: Ամոթ բան չկա ճանապարհը զիջելու, ասպարեզը նոր մարդուն զիջելու, սերունդ փոխելու, նոր լիցքեր ու մտահղացումներ բերելուն պատրաստ որևէ մեկին տեղդ տրամադրելու մեջ: Բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց թերացումները, մեկի մոտ՝ շատ, մյուսի մոտ՝ քիչ: Հիմա պետք է կշեռքի նժարին դնել և որոշել: Բոլորս էլ ասում ենք, բոլորս էլ լսում ենք այն տեսակետը, որ բոլոր քաղաքական ուժերն էլ նույնն են, որ ոչինչ չի փոխվելու: Սա իրական ու դիպուկ գնահատականն է քաղաքական այն իրավիճակի, որն այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Նման տեսակետի համար ժողովուրդը մեղավոր է, և մեղավոր չէ միևնույն ժամանակ: Մեղավոր չէ այն տեսանկյունից, որ մշտապես սատարել է այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը, որը հիասթափեցրել է: Մեղավոր է այն տեսանկյունից, որ, մշտապես տեսնելով այդ հիասթափությունը, շարունակաբար սատարել է նույն քաղաքական ուժերին կամ կուսակցություններին: Խոսքս վերաբերում է բոլոր կուսակցություններին, քանի որ բոլորն էլ իրենց հերթին այս կամ այն չափով հիասթափեցրել են հայ մարդուն: Գրածս նպատակ չունի ստվերել որևէ կուսակցությանը, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն՝ այս կամ այն չափով, մասնակից է եղել մեր Հայրենիքի կառավարմանը, քաղաքական կյանքին ընդհանրապես: Գրածս ընդամենը նպատակ ունի հորդորս ուղղել հայ ժողովրդին ու կրկնել՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք տալու Ձեր ձայնը, դա արեք խորը մտածելով, ճիշտ կողմնորոշվելով և բացառապես Ձեր խղճով: Չեք քնելու միայն այսօր, վաղը և մյուս օրը: Քնելու եք նաև ապրիլի 3-ին, 4-ին, 5-ին, և այդպես շարունակ... Որպեսզի հանգիստ խղճով քնեք: Տեսակետս, գրածս և հորդորս միգուցե շատերին նույնիսկ հետաքրքիր չէ: Բայց վստահ եմ՝ կգտնվի մի մեծ ընտրազանգված, որի համար հետաքրքիր կլինի: Բոլորս էլ ուզում ենք տեսնել այն Հայաստանը, որ ծաղկում է, որը բարեկեցիկ է դառնում, որտեղ ցանկանում է վերադառնալ յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայրենիքի սահմաններից դուրս: Ուզում ենք տեսնել այն Հայաստանը, որով կարող ենք հպարտանալ ոչ միայն ճանապարհորդությունների ժամանակ, այլ նաև միջազգային քաղաքական ամենաբարձր հարթակներում: Ուզում ենք տեսնել այն Հայաստանը, որտեղ ապրելու և արարելու է մեզ հաջորդելու շտապող սերունդը: Եվ ուրեմն՝ իսկապես գլուխներդ բարձր գնացեք ընտրության, ճիշտ գնահատեք, լսեք Ձեր խղճին (նա չի սխալվում), կատարեք այն ընտրությունը, որի համար ապրիլի 3-ից սկսած չեք փոշմանելու: Իսկ եթե հետո կփոշմանեք, ապա մեղքը Ձերն է: Քաղաքական ուժերին մաղթում եմ հանդարտություն և բարի երթ: Թող որ մեծամասնություն կազմի այն քաղաքական ուժը, որն արդարացիորեն կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացու վստահության քվեն։
Հ.Գ. Ամեն բան անցողիկ է մեր կյանքում, ժողովուրդ ջան... Սերն ու հարգանքն է մնայուն: Պետք չէ քաղաքականության պատճառով բաժանվել միմյանց ատող, միմյանց հայհոյող երկու տարբեր բևեռների: Ապրեք ու ծառայեք ի շահ և ի փառս Հայաստանի Հանրապետության։