Հմի մի բան ասեք, հասկանամ. իշխանափոխությունից հետո դպրոցների համար 1400 կարգին տնօրեն, 3000 ուսմասվար որտեղի՞ց ենք ճարելու, 1000 մանկապարտեզի տնօրեն որտեղի՞ց ենք ճարելու, 600 դատավոր, ճիշտ թիվը չգիտեմ, 20-40 հազար ոստիկան, 2000 քննիչ, 10 մարզպետ, 20 փոխմարզպետ. 100 վարչության պետ... Ո՞ր մեկն ասեմ:
Սաակաշվիլին ճարեց: Մենք կճարե՞նք:
2001 թվականին Գյումրիում պետական բուհերի ընդունող հանձնաժողովը ոտնահարեց լրագրողների իրավունքները, «Ասպարեզ»-ը դատի տվեց Լեւոն Մկրտչյան նախարարին, դատը պարտվեցինք, բայց մեզնից թաքցված փաստաթղթերը դատի ընթացքում ստացանք: Մյուս ամռանը Գյումրու պետական բուհերի ընդունելության քննությունների տոտալ մոնիտորինգ կազմակերպեցինք, դիտորդներից ու լրագրողներից բացի՝ մի քանի լրագրող ուղարկեցի որպես դիմորդ, որ, եթե դիտորդներիս ու լրագրողներին ստիպեն դուրս գալ քննասենյակներից, ապա գոնե դիմորդներս մինչեւ վերջ կմնային ու կիմանայինք ինչ կա-չկա ներսում: Մի խոսքով՝ ահռելի փաստեր հավաքեցինք, շատ ծավալուն զեկույց-հաշվետվություն սարքեցինք, հրապարակեցինք: Այդ զեկույցի վերջում երկու էջ բարեփոխման առաջարկություններ էինք գրել: Դրանցում, օրինակ, առաջարկում էինք, որ քննական առարկայական հանձնաժողովների անդամներ ու նախագահներ չպիտի լինեն կրկնուսույցները, այդ հանձնաժողովների անդամներ չպիտի լինեն կոռումպացված մարդիկ եւ այլն:
Զեկույցը հրապարակեցինք, ուղարկեցինք նաեւ նախարարին: Հետո նոր ԱԺ ընտրություններ տեղի ունեցան, կոալիցիա կազմեցին հայտնի ուժերը, ու նախարարի աթոռը տվեցին ՕԵԿ-ին, նախարար դարձավ Սերգո Երիցյանը: Երիցյանը առաջին օրը գնում է գործի, զեկույցս տալիս են ձեռը, կարդում է, զանգում է ինձ: Հիշում է, որ ինձ կես տարի դաս է տվել համալսարանում: Շնորհակալություն է հայտնում զեկույցի ու չարչարանքի համար, հրավիրում է զրույցի դրա եւ անելիքների շուրջ: Ես, որպես կանոն, խուսափում եմ պաշտոնյաների հետ գյալաջիներից, բայց դե իմ մորթած շունն էր, ես պիտի քարշ տայի: Համաձայնեցի, հետո մտածեցի, որ տարբեր պատճառներով սխալ կլինի, որ մենակ գնամ, իմ ամենավստահելի ավագ ընկերոջը՝ Սեյրան Մարտիրոսյանին, առաջարկեցի իրար հետ գնալ այդ հանդիպմանը: Գնացինք: Պատշաճ ընդունեց, երեւի երկու ժամ քննարկեցինք բացահայտված խնդիրները: Վերջում երաշխավորեց, որ հետագայում քննությունների լրագրողական եւ հասարակական հսկողության որեւէ մեխանիզմ չի արգելափակվի հանձնաժողովի կողմից եւ ասաց բառացիորեն հետեւյալը. «Պատրաստ եմ ընդունող եւ հատկապես առարկայական հանձնաժողովների կազմերում ներառել ձեր առաջարկելիք մարդկանց, եթե կերաշխավորեք, որ կոռումպացված չեն ու շահերի բախումներից զուրկ են, կառաջարկե՞ք այդ մարդկանց»:
Խոսքը 15-16 առարկայական հանձնաժողովի մասին էր, ու ամեն հանձնաժողովում, եթե չեմ սխալվում, մոտ 7-10 հոգի, ստացվում էր մոտ 100-150 հոգի՝ Գյումրիից: Խոստացանք մտածել, պատասխանել, առաջարկել: Մենք, իհարկե, հալած յուղի տեղ չընդունեցինք, որ մեր առաջարկածով նշանակելու է բոլորին, բայց մտածեցինք, որ գոնե ինչ-որ փոփոխություն նոր շունչ ու խոսք կլինի առարկայական հանձնաժողովներում: Մտածեցինք, իհարկե, նաեւ, որ հետո իմացվելու էր ու մեզ՝ ինձ ու Սեյրանին էլ կարող են մեղադրել, թե ինչու ենք սրան-նրան առաջարկել, ինչ շահ ունեինք եւ այլն:
Բայց քանի որ ո՛չ ես, ո՛չ Սեյրանը ոչ մի շահ չունեինք, ետ եկանք, մի քանի օր շարունակ մտածում ու քննարկում էինք, թե ում կարող ենք առաջարկել ֆիզիկա, անգլերեն, մաթեմատիկա եւ այլն: Երկար տառապելուց հետո բացառման կանոնով գտանք... 5 հոգու: Ընդամենը հինգ հոգի ճարեցինք, որոնց դեմ որեւէ առարկություն, մենք մեր ունեցած տեղեկություններով չունեինք, այսպես ասած մաքուր զուլալ մասնագետներ: Հասկացանք, թե ինչ թրիքի մեջ ենք: Զանգեցի նախարարին ասացի՝ կներես, չենք կարողանալու օգտակար լինել: